«Մի վայրկյան, Վենետիկի հանձնաժողովի Բուքիքիոն չես». Արմեն Ռուստամյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Այսօր Ազգային ժողովում մեկնարկել են խորհրդարանական բոլոր խմբակցությունների մասնակցությամբ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ քննարկումները: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք և «Ելքը» փակ համամասնական ընտրակարգի կողմնակից են, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ իրենք կողմ են բաց համամասնական ընտրակարգին, իսկ ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ իրենք փակ ցուցակի հետ համաձայն չեն, և այդ հարցը պետք է որոշել քննարկումների արդյունքում:

Ա.Ռուստամյանն առաջարկեց նախ ճանապարհային քարտեզը որոշել, որ հասնեն համաձայնության նախագծի շուրջ, նաև արտախորհրդարանական ուժերն իրենց առաջարկները ներկայացնեն, այնուհետև փաստաթուղթն ուղարկվի Վենետիկի հանձնաժողով, հետո դրվի շրջանառության:

Ն.Զոհրաբյանը միջամտեց, որ Վենետիկի կարծիքը հոկտեմբերին է լինելու:

«Մի վայրկյան, Վենետիկի հանձնաժողովի Բուքիքիոն չես»,- իր հերթին՝ Զոհրաբյանին ընդհատեց Ռուստամյանը՝ հավելելով, որ պետք է հասկանալ՝ ինչ ժամանակացույցով են աշխատելու:

Կարդացեք նաև

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայտարարեց, որ ճիշտ կլինի քննարկումների համար հիմք ընդունել կառավարության հանձնաժողովի փաստաթուղթը և «օդից չսկսել»:

«Ելքի» պատգամավոր Լենա Նազարյանը հայտարարեց, որ իրենց ներկայացրած փաստաթուղթը գրեթե համընկնում է կառավարական հանձնաժողովի փաստաթղթի հետ:

Որոշվեց արտախորհրդարանական ուժերին 15 օր ժամանակ տրամադրել՝ գաղափարներ և առաջարկություններ ներկայացնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս