ԱՄՆ-ը լրացուցիչ գրեթե 10.7 մլն դոլարի ֆինանսավորում կհատկացնի Հայաստանին

Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի ձևավորման նպատակով ԱՄՆ-ի կառավարությունը լրացուցիչ 10 մլն 677 հազար 328 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացում կանի Հայաստանին։ Հարցը ներառված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում, սակայն չզեկուցվողների շարքում է։

Ըստ որոշման նախագծի՝ ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի ձևավորման նպատակով ԱՄՆ-ի կառավարության կողմից ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով ՀՀ կառավարությանը օժանդակություն տրամադրելու նպատակով 2010թ. օգոստոսի 6-ին կնքվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» համաձայնագիրը:

Այնուհետև, ամերիկյան կողմից լրացուցիչ ֆինանսական հատկացումների իրականացման նպատակով մշակվել և 2010-2017թթ. ընթացքում ստորագրվել են վերոնշյալ համաձայնագրի փոփոխություններ թիվ 1-10-ը:

Ֆինանսական հատկացումները իրականացվել են մասնավոր հատվածի զարգացման, ֆինանսական ոլորտի օժանդակության և ենթակառուցվածքների ծրագրային ոլորտների ներքո:

Ամերիկյան կողմից տրամադրվող հատկացումների ընդհանուր գումարը ներկայումս կազմում է 62 մլն 578 հազար 78.36  ԱՄՆ դոլար:

ԱՄՆ ՄԶԳ կողմից ներկայացված թիվ 11 փոփոխության նախագծով նախատեսվում է լրացուցիչ 10 մլն 677 հազար 328 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացումների իրականացում (ամերիկյան կողմի տրամադրած դրամաշնորհների ընդհանուր գումարը «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» համաձայնագրի շրջանակներում կկազմի 73 մլն 255 հազար 406.36 ԱՄՆ դոլար), որն ուղղվելու է ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, զբոսաշրջության  ոլորտներում ԱՄՆ ՄԶԳ կողմից իրականացվելիք ծրագրի ֆինանսավորմանը:

Հաշվի առնելով վերոգրյալը` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» համաձայնագրի թիվ 11 փոփոխության կնքումը համարում է նպատակահարմար:

Տեսանյութեր

Լրահոս