Կյանքից հեռացել է Սարգիս Աբրահամի Գրիգորյանը

Երկարատև հիվանդությունից 64 տարեկանում կյանքից անժամանակ հեռացել է հայտնի հասարակական գործիչ, տնտեսագետ, ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը: Այս մասին տեղեկացրեցին Գրիգորյանի ընտանիքից։

Սարգիս Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 4-ին, ժամը 18:00-ին` Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում:

Հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 5-ին, ժամը 14:00-ին` նույն եկեղեցուց:

Սարգիս Աբրահամի Գրիգորյանը ծնվել է 1954 թվականի մարտի 16-ին Թբիլիսիում: 1974-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: 1974-2003-ին զբաղեցրել է մի շարք պատասխանատու և ղեկավար պաշտոններ Հայաստանի գյուղատնտեսության, մաքսային, հարկային, կապի, տրանսպորտի, պետական եկամուտների ոլորտներում:

2003 – 2018 թթ. զբաղեցրել է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետի պաշտոնը:

Գրիգորյանը հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդական էր։

Սարգիս Գրիգորգյանը երկար տարիներ զբաղվել է հանդբոլով, հանդես է եկել հանդբոլի Հայաստանի հավաքականի կազմում: Եղել է Հայաստանի բազմակի չեմպիոն (1974-76թթ), ճանաչվել է հանրապետության հանդբոլի լավագույն դարպասապահ: Անմիջական մասնակցություն է ունեցել անկախության տարիներին պետական կառավարման համակարգի կայացմանը: Մեծ է նրա դերակատարությունն ու աջակցությունը միջազգային ասպարեզում հայ արվեստի ներկայացման ու տարածման գործում:

Տեսանյութեր

Լրահոս