«Արևմուտքի հետ Հայաստանի հետագա համագործակցությունը խոստումնալից կլինի, եթե ՀՀ իշխանությունները դա ցանկանան». Փորձագետ
«Արևմուտքի հետ Հայաստանի հետագա համագործակցությունը խոստումնալից կլինի, եթե ՀՀ իշխանությունները մտադրված լինեն շարունակել աշխատել հնչող առաջարկների ուղով»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց եվրոպացի քաղաքագետ Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների ապագային՝ ՀՀ նոր իշխանությունների օրոք առաջիկա գագաթաժողովում ՀՀ վարչապետ Փաշինյանի մասնակցությանը:
Հիշեցնենք, որ հաջորդ շաբաթ` հուլիսի 11-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել, որտեղ նույն օրերին անցկացվելու է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, և ՆԱՏՕ-ի պաշտոնյաները վստահեցնում են, որ Փաշինյանը մասնակցելու է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, թեև հայկական կողմը, մասնավորապես՝ նախօրեին ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, խոսելով այս այցի մասին, որևէ տեղեկություն չհայտնեց Փաշինյանի` ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցության վերաբերյալ:
«Այո՛, Հայաստանի վարչապետը կմասնակցի գագաթաժողովին, ու թեև ես հստակ չգիտեմ, բայց հույս ունեմ, որ նա նաև մտքերի փոխանակման հնարավորություն կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ»,- ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալ Ջեյմս Ափաթուրայը «Ազատությանը» տված հարցազրույցում: Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն ցանկանում է է՛լ ավելի խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ և պատրաստակամ է աջակցել Փաշինյանի կառավարությանը՝ սկսած բարեփոխումներն ընդարձակելու հարցում:
«Նախ՝ կուզեի նշել, որ մենք շնորհավորական ուղերձ ենք հղել նոր վարչապետին, և իմ ընկալումն է, որ Հայաստանը մտադիր է շարունակել ՆԱՏՕ-ի հետ տարիներ ի վեր հաստատված ամուր համագործակցությունը: Մենք ողջունում ենք Հայաստանի ներդրումը խաղաղապահ առաքելություններում՝ Աֆղանստանում ու Արևմտյան Բալկաններում: Հայաստանն իսկապես շատ կարևոր դերակատարություն է ունեցել, և մենք ընդունում ենք դա»,- ասել է Ափաթուրայը:
ՆԱՏՕ-ի պաշտոնյան ասել է, որ ՀՀ նոր կառավարությունը որդեգրել է բարեփոխումների քաղաքականություն, օրինակ, պայքար է տանում կոռուպցիայի դեմ: «Մենք հատուկ ծրագիր ունենք՝ պաշտպանական ոլորտում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ, որը կարող է օգտակար լինել Հայաստանի նոր կառավարության համար՝ է՛լ ավելի ընդարձակելու իր պայքարը»,- նշել է Ափաթուրայը:
Կոնրադ Զաշտովտն ասաց, որ եվրոպական կողմը ՀՀ-ում իշխանափոխությունից հետո որոշ ակնկալիքներ ունի հարաբերությունների խորացման տեսքով: Սա, ըստ նրա, վերաբերում է ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին, ԵՄ անդամ առանձին երկրներին:
«ՆԱՏՕ-ի պաշտոնյաներն առաջարկներով փորձում են հասկանալ, թե ինչ խորության են պատրաստ ՀՀ նոր իշխանությունները, թեև կա նաև հայտարարություն, որ ՀՀ արտաքին քաղաքական վեկտորների հարցում կտրուկ շրջադարձեր չեն լինելու: Բայց գուցե դա դիվանագիտական հայտարարություն է, և եվրոպական կողմը փորձում է հասկանալ հնարավորությունների սահմանները՝ ընդունելով, որ Հայաստանը կատարել է իր արտաքին քաղաքական ընտրությունը` լինելով ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ:
Այնուամենայնիվ, հարաբերությունների որակում որոշակի փոփոխություններ կլինեն, քանի որ որակապես նախորդ և ներկայիս իշխանությունները տարբերվում են, և ԵՄ-ում, ՆԱՏՕ-ում ավելի մեծ վստահություն կա ներկայիս իշխանությունների նկատմամբ, քան նախորդ, թեև ներկայիս իշխանությունները հարաբերությունների ապագայի վերաբերյալ դեռ զուսպ են և անորոշ»,- նման տեսակետ հայտնեց Զաշտովտը:
Խոսելով ՆԱՏՕ-ի գագաթաժողովից, լեհ փորձագետն ասաց, որ նման գագաթաժողովում Հայաստանի մասնակցությունը վարչապետի մակարդակով կարևոր է ոչ այնքան բովանդակային առումով, քանի որ ՀՀ-ն ՆԱՏՕ-ի անդամ չէ, և որոշումները շրջանցում են Հայաստանն ուղիղ կերպով: Սա, նրա կարծիքով, կարևոր է շփումների և հետագա կապերի հաստատման տեսանկյունից, քանի որ գագաթաժողովին ներկա են լինելու ՆԱՏՕ-ի անդամ երկրների, գործընկեր երկրների ղեկավարները, ինչը նորընտիր ղեկավարի համար լայն ծանոթությունների հնարավորություն է:
«Բնականաբար, այս գագաթաժողովի կուլիսներում կլինեն երկկողմ բազում հանդիպումներ, սրանք առաջին եվրոպական հանդիպումները կլինեն Փաշինյանի համար, այս տեսանկյունից ևս կարևոր է այցը Բրյուսել: Հույսեր չունեմ, որ բեկումնային արդյունքներ են լինելու, բայց Արևմուտքի հետ Հայաստանի հետագա համագործակցությունը խոստումնալից կլինի, եթե ՀՀ իշխանությունները մտադրված լինեն շարունակել աշխատել հնչող առաջարկների ուղով: Այնուամենայնիվ, չնայած եղել են հայտարարություններ, կարծում եմ` այս իշխանությունները դեռ շատ հարցերում աշխատանքային փուլում են, և դեռ շատ փոփոխություններ են լինելու»,- ասաց Զաշտովտը:
Այնուամենայնիվ, եվրոպացի փորձագետն արձանագրեց, որ ՀՀ նոր իշխանությունները պահպանում են հավասարակշռությունն Արևմուտքի և Արևելքի միջև, ինչը Հայաստանի դեպքում ամենաօպտիմալ արտաքին քաղաքականությունն է՝ հաշվի առնելով տարածաշրջանում առկա խնդիրները, Հայաստանի աշխարհագրությունը, Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում և աշխարհաքաղաքական իրավիճակը:
«Սակայն, ըստ իս, Արևմուտքի` ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և այլ երկրների հետ հարաբերություններում Հայաստանն ավելի մեծ առաջընթաց կարող է ունենալ ցանկության դեպքում, միաժամանակ պահպանելով լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ: Կարծում եմ` պաշտոնյաների ընկալումը ևս այսպիսին է, քանի որ ԵՄ-ն հարգել է Հայաստանի կայացրած բոլոր որոշումները, և դա անելով՝ շարունակում է անել իր առաջարկները ՀՀ նոր իշխանություններին: Կա հնարավորություն, թե ինչպես կիրացվի՝ կախված է որոշում կայացնողներից»,- ասաց նա:
Տեղեկացնենք, որ Բրյուսելում հուլիսի 11-ին մեկնարկելիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ինչպես նաև դաշինքի հետ համագործակցող ու խաղաղապահ առաքելություններին մասնակցող երկրների ղեկավարները: