«Ադրբեջանի հետ պատերազմը ժամանակի հարց է։ Ի՞նչ է պետք անել». Արեգ Գալստյան

The Armenian Interest գիտավերլուծական կենտրոնի հիմնադիր-ղեկավար, ամերիկագետ Արեգ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Կարող են արդյոք տարածքներ տալ Ադրբեջանին, և կարող է արդյոք պատերազմ սկսվել։ Ամեն օր ես հարյուրավոր աշխարհի տարբեր երկրներում ապրող իմ հայրենակիցներից նամակներ եմ ստանում նմանատիպ բովանդակությամբ։

Սկսեմ հարցի երկրորդ մասից։ Ադրբեջանի հետ պատերազմը ժամանակի հարց է, քանի որ նմանօրինակ կոնֆլիկտները չեն կարող կարգավորվել կոմպրոմիսներ փնտրելու ճանապարհով։ Ինչո՞ւ: Դա զրոյական գումարով խաղ է, ուր մի սուբյեկտի կոմպրոմիսը ինքնաբերաբար նշանակում է մյուս կողմի պարտությունը։

Մեզ համար մինիմում խնդիրը այդ տարածքների նկատմամբ հայկական վերահսկողության պահպանումն է։ Օտարերկրյա վերահսկողությունը չի կարող մեր ազգի և պետականության անվտանգության երաշխիքը լինել, քանի որ ցանկացած արտաքին կենտրոն պրագմատիկ ու ժամանակավոր վերաբերմունք ունի տարածաշրջանի, նրա երկրների ու ժողովուրդների նկատմամբ։ Օտարերկրացիների ստորագրած ոչ մի միջազգային փաստաթուղթ մեր հանգստության համար հիմք չի կարող լինել

Կարդացեք նաև

Մենք արտաքին ուժերի երաշխիքների հետ բախվել ենք մեր ողջ պատմության ընթացքում՝ սկսած Կիլիկիայի թագավորության նկատմամբ ոչ ֆորմալ վատիկանյան պրոտեկտորատից՝ մինչև Առաջին համաշխարհային պատերազմից հետո ստորագրված Սևրի պայմանագիր։

Ի՞նչ ունեցանք մենք այդ երաշխիքներից հետո։ Բավական է՝ նայենք քարտեզին՝ այդ հարցի պատասխանը ստանալու համար։ Մենք մեզ չենք կարող հերթական պատմական սխալը գործելու շքեղությունը թույլ տալ ու հավատալ այս աշխարհի հզորներին, որոնք մեզ նայում են՝ ինչպես գործիքի (իրենց իրավունքն է ու իրենց շահերը)։

Մենք կարող ենք վստահ լինել միայն այն որոշումների վրա, որոնք ընդունում ու իրականացնում ենք բացառապես սեփական ուժերով ու հնարավորություններով, իսկ արտաքին ուժերի գործիքները պետք է ցինիկաբար օգտագործվեն սեփական դիվիդենտները քաղելու համար (քաղաքականությունը ցինիզմ ու պրագմատիզմ է, ոչ թե սեր)։

Մենք պետք է բանակցությունների գնանք, որ ավելի շատ բան ստանանք, քան այժմ ունենք, այլ ոչ թե զիջենք մեր սերնդի արյան գնով նվաճած հողերը։

Կարո՞ղ եք պատկերացնել իրավիճակ, որում հաղթող կողմը դառնում է պարտվող կողմի ճնշման առարկա։ Ցավոք, ամեն ինչ իմացող ու ամեն բան կարողացող մեր «մեծ ստրատեգներին» հաջողվեց դա անել։ Թե ինչպես նման ռազմական հաջողությունը չվերածվեց Ադրբեջանի կատարյալ քաղաքական կապիտուլյացիայի՝ խաղաղ պայամանագրի ստորագրմամբ ու Արցախի՝ Հայաստանի կազմում հետագա ընդգրկմամբ, մինչև այժմ ինձ համար մեծ հանելուկ է մնում։ Միգուցե պատճառը ստրատեգ քաղաքական գործիչների բացակայությունն էր կամ արտաքին ուժերի հանդեպ վախը, և կամ էլ քաղաքական ոչ բավարար կամքի առկայությունը։ Հնարավոր է նույնիսկ պատճառների համակցություն, բայց փաստն այն է, որ հակառակորդը ժամանակ վերցրեց, ամրացավ ու հարձակման անցավ բոլոր ուղղություններով, ողջ աշխարհով մեկ։

Այժմ Ադրբեջանի դիրքորոշումը ողջ աշխարհի համար պարզ է ու հասկանալի. չկա Արցախ անունով սուբյեկտ (ընդ որում, բանակցություններից Ստեփանակերտի դուրս գալը նույնպես մեր վայ-ռազմագետների վաստակն է), կան սոսկ Հայաստանի՝ միջազգային իրավունքի սուբյեկտի կողմից օկուպացված Ադրբեջանի 20% տարածքներ։

Ամեն ինչ գլխիվայր շրջել են ու հիմա թելադրում են ողջ բանակցային պրոցեսի դիսկուրսը։ Նրանց փիլիսոփայությունը պարզ է՝ ամեն ինչ կամ ոչինչ։ Որպես Հայաստանի ու հայերի հակադրություն՝ նրանք կառուցում են իրենց ազգային իդենտիկությունը, ու հողերի վերադարձը նրանց իդեա ֆիքսն է։

Խոսքը միայն Արցախի մասին չէ։ Չէ՞ որ նրանց առաջնորդը բացեիբաց հայտարարում է Սյունիքի ու Երևանի մասին (նույն աշխարհը լռում է)։ Մենք պետք է հստակ հասկանանք, որ նրանք պատրաստ չեն խաղաղության ու մեզ հետ երկխոսության։ Նրանց միակ ցանկությունը ռևանշ վերցնելն ու տարածաշրջանային գերտերության իրենց կարգավիճակը միջազգային հանրությանը ապացուցելն է։

Այս ֆոնի վրա մենք թակում ենք օտարների դռները՝ ասելով, որ Ադրբեջանը տարածաշրջանային խուլիգան է, ով խփում է հենց իր քաղաքացիներին (մարդու իրավունքներ) և նույնիսկ մտածում այն մասին, թե ինչպես իր գնած զենքն օգտագործի մեր՝ խաղաղասեր երիտասարդների նկատմամբ, ովքեր ձգտում են ողջ աշխարհում խաղաղության։

Կատարյալ աշխարհում, ուր մարդկանց փոխարեն հրեշտակները կկառավարեին, դա կարող էր իմաստ ունենալ։ Բայց ինչ իմաստ ունի այդ մասին եսասեր քաղաքական գործիչներին ասելը, ովքեր Սաֆարովի ազատմանն ու նրա հերոսացմանը արձագանքեցին իրենց հերթապահ՝ «Օ՜յ, ինչ սխալ է» արտահայտությամբ ու շարունակեցին Բաքվի հետ խոսել ուղիղ օտարերկրյա ներդրումների քանակի մեծացման մասին։

Զարմանալի ժողովուրդ ենք։ Պատմությունն արդեն որերորդ անգամ փայտով մեր գլխին է խփում, իսկ մեր պետքն էլ չի։ Մենք պետք է պատրաստ լինենք ոչ միայն պատերազմի, այլև ապագայի հետհաղթանակյան կոնֆիգուրացիային ամենաքիչը 20-40 տարվա կտրվածքով։

Այժմ վերադառնանք առաջին մասին. կարո՞ղ են արդյոք տարածքներ հանձնել։ Իհարկե, կարող են։ Ծայրահեղ դեպքում՝ կարող էին։

Ի՞նչ կարելի էր սպասել մարդկանցից, ովքեր 25 տարի մեր ազգային շահերի հաշվին զբաղվել են իրենց հարստացմամբ։

Ի՞նչ կարելի էր սպասել սեփական բանակը՝ պետության սրբությունը թալանած գեներալներից։

Ի՞նչ կարելի էր սպասել այն դիվանագետներից, ովքեր պաշտպանել են ոչ թե ազգի ու պետության, այլ իրենց բիզնես շահերը։

Ի՞նչ կարելի է սպասել այն քաղաքական գործիչներից, ովքեր տարածքներին վերաբերվել են՝ որպես ֆիզիկական հողի, այլ ոչ՝ ազգի մետաֆիզիկական կենսական տարածքի։

Բարեբախտաբար, ազգային իմունիտետը ժամանակին աշխատեց ու մեզ փրկեց աղետալի հետևանքներից. մենք անդունդի եզրին էինք կանգնած։

Այժմյան էլիտան պետք է դասեր քաղի իր նախորդներից ու ոչ մի դեպքում երկիր չկառուցի նույն հիմքերի ու սկզբունքների վրա։

Հովանավորչության ժամանակն անցել է։ Եկել է արհեստավարժության, կոմպետենցիայի ու աշխատասիրության ժամանակը։ Արտաքին կողմնորոշման ժամանակն անցել է։ Եկել է հայակենտրոնության ժամանակը։

Ռոմանտիզմի ժամանակն անցել է։ Եկել է ցինիզմի ու պրագմատիզմի ժամանակը։ Եթե մենք հավատանք ինքներս մեզ, դադարենք սպանել միմյանց հնարավորությունները, վերջ տանք միմյանց հաջողություններն ատելուն, մի կողմ դնենք մեր սեփական «ես-ը և իմ-ը» «մենք-ի և մեր-ի» օգտին, մենք կհաղթենք ցանկացած արտաքին թշնամու։ Մեր գլխավոր թուլությունը մենք ենք ու միմյանց նկատմամբ ունեցած մեր վերաբերմունքը։ Մնացած խնդիրների լուծումը կդառնա սոսկ ժամանակի, տեխնիկայի ու գործադրված ջանքերի հարց։ Եվ հիշեք՝ մենք դատապարտված ենք հաղթել, ու դրանում ոչ մի վայրկյան չկասկածեք»։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս