Ի՞նչ են մտածում Վենետիկի հանձնաժողովում

Ընտրական օրենսդրության բարեփոխման հարցերով ՀՀ վարչապետին առընթեր հանձնաժողովը երեկ առաջին աշխատանքային նիստն անցկացրեց։ Օրակարգում ԸՕ-ի հայեցակարգի նախագծի քննարկումն էր։ Նախատեսվող հիմնական ու սկզբունքային փոփոխությունը ռեյտինգային ընտրակարգի վերացումն է։

Ենթադրվում է փակ, համամասնական պարզ ընտրակարգ, քվեախցիկում գրիչ չի լինելու, և ընտրողը միայն իր նախընտրած կուսակցության կամ դաշինքի քվեաթերթիկը դնելու է ծրարի մեջ։

Գործող ԸՕ ընդունման ժամանակ դրա նախագծում առաջարկված ընտրական համակարգի վերաբերյալ լուրջ մտահոգություններ էր հայտնել Վենետիկի հանձնաժողովը։ Վերջինիս և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի համատեղ եզրակացությունում «բավականին խրթին» էր որակվել նոր ընտրական համակարգը, որը «կայուն մեծամասնություն» երաշխավորելու համար մի շարք էական շեղումներ ունի զուտ համամասնական համակարգից: Մինչդեռ նախկին իշխանությունները պնդում էին, որ գործող ԸՕ-ի նախագծում Վենետիկի հանձնաժողովի առաջարկները տեղ են գտել։ Այժմ ուշագրավ է, որ հատկապես հանրապետականներն են խիստ կարևորում Վենետիկի հանձնաժողովի կարծիքը հաշվի առնելը։

Անցած օրերին հայաստանյան պատվիրակությունը Վենետիկում էր և հանդիպել է ՎՀ-ի հետ։ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ՎՀ նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է կառավարության պատրաստակամությունը՝ է՛լ ավելի արդյունավետ համագործակցել հանձնաժողովի հետ:

Բուքիքիոն իր հերթին՝ կարևորել է, որ ընտրությունները կազմակերպվեն ՎՀ սկզբունքներին համապատասխան` թափանցիկ և ներառական ձևով, քննարկելով շահագրգիռ կողմերի բոլոր առաջարկությունները՝ կոնսենսուսի հասնելու համար, և որպեսզի կուսակցություններն ԸՕ ընդունումից հետո ունենան բավարար ժամանակ ընտրություններին մասնակցելու համար:

Ընտրական օրենսդրության բարեփոխման հարցերով ՀՀ վարչապետին առընթեր հանձնաժողովի քարտուղար, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ղեկավար Դանիել Իոաննիսյանը «168 Ժամի» հետ զրույցում նշեց, որ Վենետիկում ներկայացրել են ընտրական բարեփոխումների վերաբերյալ ընդհանուր պատկերացումները, կառավարության ծրագրում ամրագրված դրույթները, հիմնավորել դրանք։

Թե ի՞նչ են մտածում Վենետիկի հանձնաժողովում ԸՕ փոփոխությունների վերաբերյալ, Դ. Իոաննիսյանը չմանրամասնեց, քանի որ հանձնաժողովի նիստերը հրապարակային չեն։ Նա միայն նշեց, որ աշխատանքային այցելությունը Վենետիկ բավականին հաջողված էր. «Կառավարության ծրագրի համաձայն՝ առաջիկա 11 ամսում պետք է ունենանք արտահերթ ընտրություններ, իսկ դա նշանակում է, որ օրենսգիրքը ցանկալի է ընդունել հնարավորինս շուտ, իհարկե՝ ո՛չ պրոցեսի ներառականության, ո՛չ որակի հաշվին, բայց դա նշանակում է, որ մենք պետք է մեջտեղից «ճղվենք» և օր առաջ ԸՕ-ն ընդունենք, որ առավելագույնս շուտ բոլորին պարզ լինեն խաղի կանոնները։ Հույս ունեմ, որ ԸՕ-ն ընդունված կլինի արդեն հուլիսին»։ Նա նշեց, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի նախնական նախագիծը, ամենայն հավանականությամբ, կներառվի օրենսգրքում, իսկ վերջնական պաշտոնական կարծիքը կլինի հոկտեմբերից ոչ շուտ. «Գործող ԸՕ վերաբերյալ ունենք Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի խորհուրդները, որոնք նախկին իշխանությունների կողմից անտեսվել են տարիներ շարունակ և որոնք մենք մտադիր ենք իմպլեմենտացնել։ Բնականաբար, այս նախագիծը, հենց պատրաստ լինի, կուղարկենք Վենետիկի հանձնաժողով»։

ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում կարևորեց Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությունը, որը տարիների պատմություն ունի։ Նրա կարծիքով՝ ՎՀ-ն լուրջ դերակատարում ունի Հայաստանում ժողովրդավարության բարձրացման գործում, ժողովրդավարական ինստիտուտների կայուն զարգացման համար, և այդ խողովակով անցնելն անհրաժեշտություն է. «Ես շատ բարձր եմ գնահատում Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությունը»։

Ա.Հովհաննիսյանը նշեց, որ ԸՕ-ում փոփոխություններ կատարելու և ընդունելու լավ փորձ Հայաստանն արդեն ունի, և այն ողջունվել էր Վենետիկի հանձնաժողովի կողմից, որն այդ հարցում կարևորում է բոլոր քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության համաձայնության ձեռքբերումը։ Նա հույս հայտնեց, որ նոր ընտրությունները կանցկացվեն նույն հիմքով և հիմնարար իրավունքներն ընդհանուր առմամբ պահպանված կլինեն։

Հարցին, թե ե՞րբ հնարավոր կլինի կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրությունները, Ա.Հովհաննիսյանը պատասխանեց. «Ընտրական օրենսդրության բարեփոխումների խորհրդարանական խմբի բուն աշխատանքները կսկսվեն հուլիսի 4-ին, և որոշակի կերպով կուրվագծվի, թե ինչ կարող ենք անել։ Ամեն ինչ շատ ավելի պարզ կլինի, երբ Ընտրական օրենսգիրքը պատրաստ լինի»։\\

Տեսանյութեր

Լրահոս