Ամուլսարի հարցով ձևավորվելու է աշխատանքային խումբ. Ավինյանը կոչ է անում դադարեցնել անհնազանդության գործողությունները
Հաշվի առնելով Ամուլսարում ստեղծված իրավիճակը և դրա լուծման գործընթացում քաղաքացիական հասարակության լայնամասշտաբ ներգրավվածություն ապահովելու խնդիրը՝ սեղմ ժամկետներում ձևավորվելու է աշխատանքային խումբ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանի գլխավորությաբ, Facebook-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով, խումբը, որպես հանքաարդյունաբերական ընկերություններում գործող ընթացակարգերի համապարփակ ուսումնասիրության ուրույն, օբյեկտիվ և բազմակարծություն ապահովող հարթակ, հնարավորություն կընձեռի արձանագրված իրավիճակի համար մշակել և ներդնել հասցեական լուծումներ: «Առաջնորդվելով Ամուլսարում բնապահպանական նորմերի պատշաճ մակարդակի ապահովման և քաղաքացիական հասարակության վերահսկողություն սահմանելու մեր հայրենակիցների պահանջով՝ Արթուր Գրիգորյանին հանձնարարվել է Հայաստանի Հանրապետությունում հանքաարդյունաբերության ոլորտը կարգավորող օրենսդրությանը համապատասխանության գնահատման և արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության EITI սկզբունքներին համախատասխանող՝ թափանցիկ և հաշվետու հանքաարդյունաբերական քաղաքականության ներդրման և իրագործման գործընթացում, ապահովել զանգվածային լրատվամիջոցների, ինչպես նաև հասարարակական կազմակերպությունների ներգրավումը: Վստահ եմ, որ միայն երկխոսության ճանապարհով կարող ենք ապահովել սոցիալական համերաշխություն: Խնդրում եմ բացել Ամուլսար տանող ճանապարհները: Արհեստական խոչընդոտներն անհարկի ձգձգում են խնդիրների վեր հանումը. յուրաքանչյուր օր կարևոր է հիմնավորված որոշման կայացման գործընթացում: Կոչ եմ անում դադարեցնել անհնազանդության գործողությունները. ի մի բերել բոլոր փաստական հանգամանքների այն համախումբը, որը կնպաստի Ամուլսարի բնապահպանական վիճակի մասին անաչառ եզրահանգումների կայացմանը: Ակնկալում եմ, որ ինչպես միշտ կկարողանանք արդյունավետ փոխգործակցել հանուն մեր պետության և հանուն մեր բնության, ու վաղը առավոտյան դադարեցված կլինեն անհնազանդության գործողությունները՝ դրանք մասնագիտական քննարկումների դաշտ տեղափոխելով, որպեսզի չտուժի ո՛չ պետությունը, ո՛չ բնությունը: Խնդրում եմ վստահել իրավասու անձանց. կառավարությունը վստահելով Ձեզ՝ համապատասխանության գնահատման ուսումնասիրությունների մեկնարկը կազդարարի Ամուլսարից, և համապատասխանության գնահատման գործընթացը հետևողականորեն կշարունակի Հայաստանի Հանրապետությունում գործող մյուս բոլոր հանքաարդյունաբերական ընկերություններում:
Կոչ եմ անում ձևավորվող աշխատանքային խմբում Ձեր ակտիվ մասնակցությամբ՝ ամրապնդել համերաշխության մեր որդեգրած սկզբունքների կիրարկման պրակտիկան», – գրել է Տ.Ավինյանը։