Բաժիններ՝

«Մի ընկերության շահը գերակա համարվեց 10.000 բնակչի շահերից». բողոքում են Այգեկի բնակիչները

Արմավիր մարզի Այգեկ գյուղի բնակիչները 168.am-ի հետ զրույցում իրենց բողոքը հայտնեցին իրենց և հարակից մի քանի գյուղերը սպասարկող 205 համարի երթուղուց։ Երթուղին միակն է, որով այդ համայնքների բնակիչները կարող են հասնել Երևան, բայց բնակիչների պնդմամբ՝ այն նորմալ չի աշխատում, մեքենաները հին են, անսարք։

«Գծի մեջ մնացել է ընդամենը 10 մեքենա, որոնք անսարք են, միշտ մի քանիսը տարվում են վերանորոգման, և գրեթե երթուղային չի լինում։ Տարբեր ձևերով տարբեր տեղերում բողոքել ենք, այս ուրբաթ պետք է հանդիպենք ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի հետ։ Մեզ ասում են՝ տրանսպորտների նոր խմբաքանակ է գալիս Հայաստան, ձեզ էլ է բաժին հասնելու, բայց մինչև բոլոր գծերի համար համապատասխան քանակի տրանսպորտ բաժին չհասնի, չեն կարող տրանսպորտ տրամադրել։ Նաև ասում են, որ պետք է մրցույթ հայտարարվի։ Թե երբ կհայտարարվի, դրա մասին տեղյակ չեն»,- մեզ հետ զրույցում ասաց Այգեկի բնակչուհի Սաթենիկ Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ վարորդների վրա էլ է մեծ բեռ դրված. «Գծատերն ինչ-որ գողական մարդ է, ով պահանջներ է դնում վարորդների առաջ։ Ժամանակին, երբ առավոտյան ուսանողական մեքենաներ էին փորձում ուսանողներին քաղաք հասցնել, սպառնում էր վարորդներին, ասում էր, թե իր գծից իրավունք չունեն ուղևոր վերցնել։ 205 երթուղին սպասարկող վարորդների վիճակն էլ է վատ, նրանց չես կարող մեղադրել, որովհետև, օրինակ՝ մեքենայի հայելին կոտրված է, նա գումար չունի վերանորոգելու։ Մեքենան վերանորոգելը վարորդների վրա է, գազ լցնելը՝ ևս, ու իրենք դեռ պետք է օրվա վերջում 8000 դրամ գծի փող տան»։

Գյուղի բնակչուհիներից Շուշան Գրիգորյանն էլ հետաքրքիր մանրամասներ ներկայացրեց «Շանթ Գյուրջոյան» ՍՊԸ-ի մասին, որը սպասարկում է 205 երթուղին. ««Շանթ Գյուրջոյան» ՍՊԸ-ն, մեկ տարուց ավելի է՝ ապօրինի է գործում, իսկ դրանից առաջ խախտել է իր պայմանագրային գրեթե բոլոր պարտավորությունները, ահաբեկել է վարորդներին, պարբերաբար դիմել բռնության ու ծեծի (մանրամասները երևի բարձրաձայնողներ կգտնվեն վարորդների միջից, կամ կշարունակեն ահաբեկված մնալ): Մյուս փաստն այն է, որ ես Ա. Ասատրյանին ներկայացրել եմ «Շանթ Գյուրջոյան» ՍՊԸ-ի ակնհայտ խախտումները՝ կապված երթուղու ապօրինի վերջնակետի, ուղղության և ժամանակացույցի հետ, ի պատասխան իմ մատնանշումների՝ այն ժամանակվա նախարար Վահան Մարտիրոսյանը հաջորդ օրը ստորագրում է փաստաթուղթ, որով օրինականացնում է այդ բոլոր խախտումները՝  մի ընկերության շահը գերակա համարելով 10.000 բնակչի շահերից, ինչը վառ ապացույցն է այն բանի, որ «Շանթ Գյուրջոյան» ՍՊԸ-ն ունեցել պետական հովանավորչություն, և նրանք գտնվել են հանցավոր համագործակցության մեջ։ «Շանթ Գյուրջոյան» ՍՊԸ-ն պայմանագրով սահմանված ժամկետները լրանալուց հետո շարունակում է ծառայություն մատուցել՝ առանց նախարարության կողմից մրցույթ հայտարարվելու և առանց անհրաժեշտ գործընթացն անցնելու»։

Այգեկի բնակիչները հասկանում, որ խնդիրները համակարգային են ու միայն իրենց գյուղում չեն։ «Բայց խնդրի գիտակցումը դեռ չի ենթադրում՝ տասնամյակներ շարունակ հանդուրժել այն, և դրա քողի տակ՝ աչք փակել օրենքի խախտումների առաջ։ Կան ակնհայտ ժամանակավոր լուծումներ մինչև համակարգային փոփոխության ավարտը, բայց ոչ մի քայլ չի արվում»,- նկատեց Շուշան Գրիգորյանը։

Բնակիչների պահանջը մեկն է՝ ունենալ արժանապատիվ հասարակական տրանսպորտ, որով վարորդների ու ուղևորների իրավունքները չեն ոտնահարվի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս