«Մենք պետք է մեջտեղից «ճղվենք» և օր առաջ ԸՕ-ն ընդունենք, որ առավելագույնս շուտ բոլորին պարզ լինեն խաղի կանոնները». Դանիել Իոաննիսյան

Ընտրական օրենսդրության բարեփոխման հարցերով ՀՀ վարչապետին առընթեր հանձնաժողովն այսօր կանցկացնի առաջին աշխատանքային նիստը և կքննարկի Ընտրական օրենսգրքի հայեցակարգի նախագիծը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց հանձնաժողովի քարտուղար, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ղեկավար Դանիել Իոաննիսյանը։

«Ես հուսով եմ, որ մենք բավականին շուտ կունենանք հայեցակարգի նախագիծը»,- ասաց նա։

Դ. Իոաննիսյանը տեղեկացրեց, որ անցած օրերին պետական պաշտոնյաների հետ եղել է Վենետիկում և հանդիպել Վենետիկի հանձնաժողովի հետ. «Քանի որ մենք դեռևս պաշտոնապես չունենք ԸՕ նախագիծ, չունենք պաշտոնապես ընդունված հայեցակարգ, և այս պահին միակ պաշտոնապես ընդունված փաստաթուղթը կառավարության ծրագիրն է, մենք ներկայացրել ենք ծրագրում ամրագրված դրույթները, հիմնավորել դրանք, ընտրական բարեփոխումների վերաբերյալ ներկայացրել ենք ընդհանուր պատկերացումները»։

Դ. Իոաննիսյանի կարծիքով, ըստ էության, օրենսգրքի նախագիծը կազմելը դժվար գործ չէ, որովհետև տեխնիկական մասը, որ հիմնական ծանր աշխատանքն է, որ կապված է օրենսգրքի տասնյակ դրույթները փոխելու, այն արտահերթ ընտրություններին նախապատրաստելու, տարածքային ցուցակները հանելու հետ, այդ գործն արդեն իրականացված է.

«Մինչև հանձնաժողովի ձևավորումը այն գործողությունները, որ ակնհայտ էր, որ արվելու են, դա արվել է և գործն առաջ է գցվել՝ հետագայում ժամանակ խնայելու համար։ Թե ե՞րբ պարաստ կլինի օրենքի նախագիծը, ե՞րբ կլինեն դրա պաշտոնական քննարկումները խորհրդարանում, դժվար է ասել։ Հայտնի է, որ հուլիսի 4-ին խորհրդարանում ձևավորված հանձնաժողովի հետ մեր հանձնաժողովը քննարկում է ունենալու»։

Թե ի՞նչ են մտածում Վենետիկի հանձնաժողովում ԸՕ փոփոխությունների վերաբերյալ, Դ. Իոննիսյանը չմանրամասնեց, քանի որ հանձնաժողովի նիստերը հրապարակային չեն։ Նա միայն նշեց, որ աշխատանքային այցելությունը Վենետիկ բավականին հաջողված էր։

«Կառավարության ծրագրի համաձայն՝ առաջիկա 11 ամսում պետք է ունենանք արտահերթ ընտրություններ, իսկ դա նշանակում է, որ օրենսգիրքը ցանկալի է ընդունել հնարավորինս շուտ, իհարկե՝ ո՛չ պրոցեսի ներառականության, ո՛չ որակի հաշվին, բայց դա նշանակում է, որ մենք պետք է մեջտեղից «ճղվենք» և օր առաջ ԸՕ-ն ընդունենք, որ առավելագույնս շուտ բոլորին պարզ լինեն խաղի կանոնները։ Հույս ունեմ, որ ԸՕ-ն ընդունված կլինի արդեն հուլիսին»,- ասաց Դ. Իոաննիսյանը։

Նա նշեց, որ Վենետիկի հանձնաժողովի կարծքի նախնական նախագիծը, ամենայն հավանականությամբ, կներառվի օրենսգրքում, իսկ վերջնական պաշտոնական կարծիքը կլինի հոկտեմբերից ոչ շուտ. «Գործող ԸՕ-ի վերաբերյալ ունենք Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի խորհուրդները, որոնք նախկին իշխանությունների կողմից անտեսվել են տարիներ շարունակ և որոնք մենք մտադիր ենք իմպլեմենտացնել։ Բնականաբար, այս նախագիծը հենց պատրաստ լինի, կուղարկենք Վենետիկի հանձնաժողով»։

 

Տեսանյութեր

Լրահոս