Բաժիններ՝

150 մայրիկներ և բալիկներ մասնակցեցին բարեգործական մարաթոնի

Հունիսի 23-ին Կիրովի անվան մանկական այգում բարեգործական վազքի էին դուրս եկել մայրիկները՝ իրենց փոքրիկների հետ: MamaBalikRun2018 միջոցառման ընթացքում 150 մայրիկներ և բալիկներ հաղթահարեցին 1 կմ տարածությունը:

Միջոցառման կազմակերպիչները նշում են, որ դրա հիմքում ընկած է բարեգործության գաղափարը։ Հավաքագրված ամբողջ գումարն ուղղվելու է Նիմբա սոցիալական ձեռնարկությանը։ Այն տնային տեքստիլի նոր հայկական ապրանքանիշ է, որն առաջարկում է որակյալ և հատուկ դիզայնով հայաստանյան արտադրություն։ Արտադրում են հաշմանդամություն ունեցող և կարիքավոր ընտանիքներից երեխաների ծնողները, հիմնականում՝ միայնակ մայրերը։

Բարեգործ վազորդների հայկական թիմի համակարգող Շարմաղ Սաքունցը նշում է, որ այս տարի Awesome Foundation Yerevan-ի շնորհիվ առաջին անգամ կազմակերպվեց առանձին մայրիկների ու բալիկների վազքային միջոցառում՝ MamaBalikRun2018-ը: 

«MamaBalikRun-ն արդեն երկու տարի անընդմեջ մոտիվացնում և մոբիլիզացնում է ակտիվ մայրիկների իրենց բալիկների հետ՝ մասնակցելու մարաթոնների/վազքերի և աջակցելու սոցիալական ու բարեգործական ծրագրերի»:

ՄամաՖորում հարթակի հիմնադիր Մարիամ Մովսիսյանի խոսքով՝ մասնակցելով մարաթոնին` կարելի է ապացուցել, որ երեխաների հետ էլ կարելի է ու պետք է մնալ ակտիվ ու կենսուրախ:

«Նախագծի առաքելություններից է տարածել ակտիվ և առողջ ապրելակերպի, ինչպես նաև մարդասիրությունը մեր երկրում: Շատերը երեխա ունենալուց հետո երկրորդ պլան են մղում հանրային կյանքն ու ակտիվությունը։ Սակայն հենց այդ շրջանում է անհրաժեշտ ակտիվ և շարժուն լինել, շեշտադրել առողջ ապրելակերպը, ճիշտ սնունդը։ Սա մոդել է, որի շրջանակում երեխաները տեսնում են ճիշտ վարքագծի օրինակ և հետևում դրան»,-նշում է Մարիամ Մովսիսյանը:

Նշենք նաև, որ Միջոցառման կազմակերպիչներն էին ՄամաՖորում հարթակը և Բարեգործ վազորդների հայկական թիմը, աջակիցը՝ Awesome Foundation Yerevan-ը:

Նախաձեռնությունը սատարում էին նաև «Այլկերպ»-ը, Fest.am-ը, Հայ ծնողների ակումբը, Eat&Fit սրճարանը և Impact Hub Yerevan-ը:

Սիրարփի Աղաբաբյան

Լուսանկարները՝ Անաստասիա Օսիպովայի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս