Հանճարեղ «թզուկը». Մեսսին 31 տարեկան է
Լիոնել Մեսսին 31 տարեկան է: Արգենտինացի ֆուտբոլիստին անվանում են այլմոլորակային, թզուկ, բայց՝ ֆուտբոլային հանճար:
Թվում է՝ արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Անդրես Մեսսիի մասին ասված է ամեն բան: Նրա մասին գիտեն բոլորը, նրա մասին խոսում են բոլորը, բայցևայնպես, Մեսսիի կյանքում կան շատ իրողություններ, որոնց մասին քչերը գիտեն:
Արգենտինայի հպարտությունը՝ իտալական արմատներով
Մեսսին աշխարհի ամենահայտնի արգենտինացիներից մեկն է, Արգենտինայի հավաքականի անվիճելի առաջատարը, բայց նրա արմատները բնավ արգենտինական չեն: Մեսսիի արմատներն Իտալիայից են՝ իտալական Անկոնա քաղաքից: Մեսսիներիի՝ Արգենտինայի հետ կապը սկսվել է 1883 թվականից, երբ Մեսսիի պապն Իտալիայից գաղթել է Արգենտինա:
Ֆուտբոլիստի կարիերան՝ վտանգի տակ
Դեռ մանկուց Մեսսին աչքի էր ընկնում ճարպկությամբ և գնդակի հետ վարվելու արտասովոր տաղանդով: Նա, սակայն, մարզումների ընթացքում աչքի էր ընկնում ոչ միայն ակտիվությամբ և խփած գոլերով, այլև տարիքի համեմատ շատ ցածր հասակով:
Փոքր տարիքում Մեսսիին հատուկ բուժում էին նշանակել, նա պարբերաբար օգտագործում էր հասակի աճին նպաստող հորմոններ: Եթե Մեսսին չստանար բուժման հատուկ կուրսը, ապա նրա հասակը այսօր չէր գերազանցի 140 սանտիմենտրը (այժմ Մեսսին ունի 176 սմ հասակ): Մեսսիի բուժումը խնդիրներ է առաջացրել ոչ միայն նրա մարզավիճակի, այլև ակումբային կարիերայի վրա: Մի շարք հայտնի արգենտինական ակումբներ հրաժարվել են Մեսսիին իրենց կազմում տեսնել, քանի որ չէին կարող ամսական 900 դոլար վճարել Մեսսիի բուժման համար:
Առաջին պայմանագիրը՝ անձեռոցիկին
Բուժման հետ կապված ծախսերը չվախեցրեցին «Բարսելոնայի» մարզական տնօրեն Կառլես Ռեկսաչին: Տեսնելով տաղանդավոր պատանուն՝ Ռեսկաչը Մեսսիի հորն առաջարկեց տղային ընդգրկել «Բարսելոնայի» մանկապատանեկան թիմի կազմում: Կար մեկ պայման. Լեոն իր ընտանիքի հետ պետք է տեղափոխվեր Իսպանիա: Մեսսիների ընտանիքն Իսպանիայում 3 ամիս ապրելուց հետո, որոշեց թողնել ամեն բան և վերադառնալ Արգենտինա: Այս մասին իմանալով՝ Կառլես Ռեսկաչը հենց ռեստորանում համոզեց ավագ Մեսսիին կնքել պայմանագիր «Բարսելոնայի» հետ: Հետաքրքիր է, որ այս պայմանագիրը կնքվել է սրճարանում՝ անձեռոցիկի վրա:
Մեսսի vs Ռոնալդու
Այս երկու ֆուտբոլիստներին համեմատում են անընդհատ: Նրանց համեմատում են անգամ ամենաանհեթեթ տեղերում: Օրինակ՝ ուշադիր երկրպագուները հաշվել են այս ֆուտբոլիստների առաջնեկների տարիքային տարբերությունը: Մեսսիի և իր մշտական հակառակորդ Կրիշտիանու Ռոնալդուի ծննդյան օրերի մեջ տարբերությունը 869 օր է, ուղիղ այդքան տարբերություն էլ կա Մեսսիի որդու՝ Տիագոյի և Ռոնալդուի որդու՝ կրտսեր Կրիշտիանուի ծննդյան օրերի միջև:
Հանճարեղ «թզուկը»
Պարզվում է, որ «թզուկ» մականունը տրվել է Մեսսիին դեռ Լա Մասիայում: Ինչպես նշեցինք, Մեսսին եղել է թերհաս, ունեցել է հորմոնների դիֆիցիտ և թերաճ: Եվ ահա Մեսսին 12 տարեկան է և «Բարսելոնայում»:
«Ես ապշած էի, երբ տեսա նրան առաջին անգամ: Այն ժամանակ իմ հասակը 1 մետր և 70 սանտիմետր էր, իսկ նա 1 մետր 50 սանտիմետրին էլ չէր հասնում»,- հիշում է Ռոժեր Ժիրիբիտը, ով նրա հետ մեկ տարիքային խմբում էր մարզվում: Ի դեպ, այս պահին Մեսսիի հասակը 1 մետր 70 սանտիմետր է:
Սկզբում Մեսսին շատ լուռ էր և ամաչկոտ. «Մենք ունեինք ուրախ, կենդանի թիմ, բայց նա միշտ նստում էր անկյունում՝ տխուր և միայնակ»,- պատմում է դարպասապահ Ռոժեր Ֆրենչը: «Նա կարող էր անգամ մեկ բառ չասել ամբողջ մարզման ընթացքում, բայց միևնույն ժամանակ՝ նա խաղում էր այնպես, որ մենք բառեր չէինք գտնում նկարագրելու համար»,- պատմում է մեկ այլ դարպասապահ՝ Տորրեսը:
«Մենք տեսնում էինք, որ նա մեզնից լավն է, և մի քանի այլ պաշտպանների հետ որոշեցինք խփել նրա ոտքերին՝ հասկանալու, թե ինչ կլինի: Բայց ապարդյուն էր: Նա այնքան արագ էր, որ մենք անգամ չէինք հասնում նրա հետևից: Թվում էր, որ, եթե անգամ կրակենք նրան, նա, միևնույն է, կշարունակեր ղեկավարել գնդակը»,- ասում է պաշտպան Ռոբերտ Ֆրանչը:
Մեսսիի և խաղընկերների միջև սառույցը կոտրվեց Վենետիկում հավաքի ժամանակ, երբ Մեսսին առաջին անգամ կատակեց ընկերների հետ, իսկ որպես պատասխան՝ լսեց՝ թզուկ:
«Մենք վաղուց էինք նրան թզուկ անվանում, բայց նրան այդպես չէինք դիմում այնքան, մինչև չզգացիք երկուստեք վստահություն: Դա պատահեց հենց Վենետիկում,- պատմում է Ռոժեր Ժիրիբիտը,- երբ Լեոն առաջին խաղն էր անցկացնում, մենք ասացինք. «Հեյ, թզուկ, ինչպե՞ս ես զգում մեծերի հետ»: Եվ բոլորը ծիծաղեցին»:
Նշենք նաև, որ Մեսսիի մյուս մականունը Մեսիա է: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը թիմակիցների և երկրպագուների կողմից ստացել է այս մականունն իր ոչ երկրային տաղանդի համար: Շատերն ասում են, որ Մեսսիին Աստծո կողմից ուղարկված մեսիա է:
Եվ, վերջում նշենք, որ Մեսսին շատ քիչ է հարցազրույցներ տալիս իր կյանքի, կամ՝ գաղափարների մասին: Այնուամենայնիվ, առանձնացրել ենք Մեսսիի մի քանի ուշագրավ մտքեր:
• Մրցանակները, իհարկե, հրաշալի են: Բայց դրանք պետք է հետաքրքրեն ոչ թե ինձ, այլ լրագրողներին:
• Ես ավելի շատ մտածում եմ լավ մարդ լինելու մասին, քան այն մասին, թե ինչ անեմ լավագույն ֆուտբոլիստը լինելու համար: Կգա ժամանակ, երբ իմ ֆուտբոլային կարիերան կավարտվի, և ի՞նչ, ի՞նչ կլինի այդ ժամանակ: Ավելի լավ է ինձ հիշեն՝ որպես լավ տղա, քան՝ որպես տաղանդավոր ֆուտբոլիստ:
• Կյանքում կան շատ ավելի կարևոր պահեր, քան հաղթանակներն ու պարտությունները:
• Ես երբեք չեմ համեմատում իմ հաջողությունը: Այն եղել է երեկ, անցյալ է, չպետք է մտածել դրա մասին: Կյանքը շատ կարճ է անընդհատ երեկների մասին մտածելու համար: Դրա մասին ես կմտածեմ այն ժամանակ, երբ կանցնեմ թոշակի:
• Շատ եմ հարգում այնպիսի լեգենդար ֆուտբոլիստների, ինչպիսիք են Մարադոնոն, Պելեն, Դի Ստեֆանոն, բայց չեմ ուզում որ ինձ համեմատեն նրանց հետ: Համեմատության մասին կխոսենք այն ժամանակ, երբ ես թոշակի կանցնեմ:
• Ես հետաքրքրված չեմ նրանով, որ դառնամ պատմության լավագույնը: Ես երբեք չեմ մտածում այն մասին, որ դառնամ առաջինը, երկրորդը, երրորդը կամ չորորդը:
• Ամեն մրցաշրջանից առաջ ես մտածում եմ այն մասին, որ աճեմ՝ որպես ֆուտբոլիստ, որ հաղթեմ բոլոր մրցաշարերը, որ ներդնեմ բոլոր ջանքերս ամեն խաղում և անեմ ամեն ինչ իմ թիմակիցներին օգնելու համար:
• Պատմության լավագույնի կարգավիճակն իմ կյանքում ոչինչ չի փոխի: Ես միշտ ուզում եմ կատարելագործվել: Ես ոչ մեկի հետ չեմ մրցում: Ես խաղում եմ ոչ թե պատմության լավագույնը լինելու, այլ ամեն տարի ավելի ուժեղ լինելու համար:
Սիրարփի Աղաբաբյան