Վերջին տարիներին առաջին անգամ մայիսին օդանավով Հայաստան ժամանածներն ավելի շատ են եղել մեկնածներից
ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հրապարակել է 2018 թվականի հունվար-մայիսին ՀՀ երկու օդանավակայններով Հայաստանի ժամանած և Հայաստանից մեկնած մարդկանց վիճակագրությունը։
Այսպես, տարվա առաջին 5 ամիսներին օդանավով Հայաստան է ժամանել 476 211 մարդ (447 500-ը՝ Զվարթնոց օդանավակայանով, 28 711-ը՝ Շիրակ օդանավակայանով)։ 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ ժամանողների թիվն աճել է 51 293-ով կամ 12.1%-ով։
Մյուս կողմից, 2018 թվականի հունվար-մայիսին օդանավով Հայաստանից մեկնել է 479 265 մարդ (448 626-ը՝ Զվարթնոց օդանավակայանով, 12 916-ը՝ Շիրակ օդանավակայանով)։ 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ ժամանողների թիվն աճել 29 172-ով կամ 6.5%-ով։
Ժամանողների թվի առանցիկ աճի արդյունքում՝ ժամանողների և մեկնողների բացասական հաշվեկշիռը կրճատվել է և հունվար-մայիսին կազմել ընդամենը 3 054։ Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի հունվար-մայիսին մեկնողների թիվը ավելի քան 25 հազարով գերազանցում էր ժամանողներին։ Իսկ նախորդ տարիներին ճեղքվածքն ավելի մեծ էր (տես ստորև բերված գծապատկերը)։
Դինամիկան պահպանվելու դեպքում՝ ժամանողների թիվը շատ արագ հավասարվելու է մեկնողների թվին և գերազանցի։
Քաղավիացիայի վարչությունը առանձին ամիսների վիճակագրությունը չի հրապարակում, սակայն դա հաշվելը դժվար չէ։ Համադրելով հունվար-մայիս և հունվար-ապրիլ ժամանակահատվածները՝ մենք հաշվել ենք կոնկրետ մայիս ամսվա օդային ուղևորափոխադրումների տվյալները (2012-2018 ժամանակահատվածի համար)։
Արդյունքը՝ 2018 թվականի մայիսին օդային ճանապարհով Հայաստան է ժամանել 110 390 մարդ, մեկնել՝ 107 225 մարդ։ Այսինքն՝ վերջին տարիների մեջ առաջին անգամ մայիս ամսին օդային ճանապարհով Հայաստան ժամանողների թիվը գերազանցել է մեկնողների թվին (դրական հաշվեկշիռ՝ 3 165 մարդ)։
Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի մայիսին օդային ուղևորափոխադրումների սալդոն բացասական էր՝ – 1 446 մարդ։ Իսկ 2012-2016թթ. մայիս ամիսներին բացասական հաշվեկշիռը կազմել է միջինում 11-12 հազար մարդ։
Հանուն արդարության նշենք, որ մայիսյան ցուցանիշը էապես բարելավվել է դեռ 2017 թվականից։ Սակայն փաստն այն է, որ այս տարի առաջին անգամ է մայիսին դրական սալդո արձանագրվում։
Փաստը կրկնակի ուրախալի է, եթե նկատի ունենանք, որ մայիսի սկզբին հեղափոխական գործընթացները դեռ ընթացքի մեջ էին։ Այսինքն, Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները ոչ միայն բացասաբար չեն ազդել Հայաստան ժամանողների թվի վրա, այլ հակառակը՝ միտումն ուժեղացել է։