«Հայաստանում ներդրողների համար գրավիչ մթնոլորտ է. կա կայունություն, նկատվում է տնտեսական զարգացում». Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմի
ՀՀ-ում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին գերազանց է գնահատում Հայաստանի և ԱՄԷ-ի հարաբերությունները՝ դրանք համարելով զարգացած։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում դեսպանն ասաց, որ Հայաստանում ԱՄԷ դեսպանատան բացումից հետո՝ վերջին երեք տարվա ընթացքում, մեծացել է էմիրաթցի զբոսաշրջիկների այցը Հայաստան. «Եթե 2013թ. մոտ 400 էմիրաթցի է մուտք գործել ՀՀ, ապա արդեն 2017թ. նրանց թիվը կազմում է 8347։ Առևտրաշրջանառության թիվն է մեծացել երկու երկրների միջև։ 2016թ. առևտրաշրջանառությունը երկու երկրների միջև եղել է 119.3 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2017թ. այդ թիվը կրկնապատկվել է՝ կազմելով 249.3 մլն ԱՄՆ դոլար։
Ակնկալում ենք, որ այս տարի նույնպես երկու երկրների միջև հարաբերություններում մեծ զարգացում տեղի կունենա։ Էմիրություններից Հայաստան են գալիս տարբեր տնտեսական պատվիրակություններ, որոնք հետաքրքրված են Հայաստանում տարբեր ոլորտներում ներդրումներ կատարելով։ Դեսպանությունն իր հերթին՝ տարբեր ձևերով հեշտացնում է նրանց ներդրումները Հայաստանում»։
Դեսպանն ընդգծեց՝ Հայաստանում ներդրողների համար գրավիչ մթնոլորտ է. կա կայունություն, նկատվում է տնտեսական զարգացում. «Մենք վստահ ենք, որ Հայաստանում լավ հնարավորություններ կան ներդրումներ կատարելու համար։ Իհարկե, դա երկու երկրների օգտին է»։
Ինչ վերաբերում է երկու երկրների քաղաքական հարաբերություններին, նա ասաց, որ դրանք զարգանում են շարունակապես, փոխայցելություններ են տեղի ունենում երկու երկրների պաշտոնյաների միջև։ «Մենք շատ հետաքրքրված ենք ֆրանկոֆոնիայի գագաթաժողովով, որը տեղի է ունենալու հոկտեմբեր ամսին, և մենք ընտրել ենք հենց Հայաստանում տեղի ունենալիք գագաթաժողովը, որ հայտարարենք՝ ԱՄԷ-ն ցանկանում է դառնալ ֆրանկոֆոնիայի մշտական անդամ»,- նշեց նա։
Դեպանն ասաց, որ ԱՄԷ-ն հետաքրքրված է հատկապես Հայաստանի մշակութային, տնտեսական ոլորտներով. «Մենք հետաքրքրված ենք երկու երկրներում առկա ներդրումների հնարավորություններով։ Մեզ համար շատ կարևոր են զբոսաշրջության, էներգետիկայի և այլ ոլորտներ։ Ունենք ներդրումներ նաև առևտրի ոլորտում, և առաջիկայում նոր ոլորտներ են բացվելու ներդրումների համար։ Իսկ հայերն ԱՄԷ-ում կենտրոնացած են մի շարք ոլորտներում։ ԱՄԷ-ն նույնպես ներդրումների համար հարմար երկիր է, ինչպես Հայաստանը»։
Եթե 2016թ. դեկտեմբերին էմիրաթական ավիաընկերությունների չվերթերի քանակը դեպի Հայաստան և հակառակը շաբաթական 6-ն էր, ապա 2017թ., դեսպանի խոսքով՝ այն դարձել է 18. «Այս թիվը վերաբերում է սովորական օրերին, իսկ տոներին և հանգստյան օրերին այս թիվը կարող է ավելի մեծանալ»։