«ՀՀ նոր իշխանությունները պահպանում են այն նշաձողը, որը նախկին իշխանություններն են դրել ՀՀ-ԵՄ հարաբերություններում»

Հուլիսի 4-ին Եվրոպական խորհրդարանում տեղի ունենալիք ԵՄ-Հայաստան Համապարփակ ու ընդլայնված համագործակցության համաձայնագրի ամփոփիչ քվեարկությանն ընդառաջ՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում է։

Հունիսի 19-ին մեկնարկել է նախարար Մնացականյանի աշխատանքային այցը Բրյուսել, որտեղ նախատեսված է Գործընկերության խորհրդի անդրանիկ նիստը: ՀՀ ԱԳՆ Մամուլի և տեղեկատվության, հասարակայնության հետ կապի վարչության փոխանցմամբ՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցը Բրյուսել մեկնարկել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանի հետ հանդիպմամբ: Նախատեսված են Մնացականյանի հանդիպումները նաև Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի, Եվրոպական հարցերով հանձնակատար Յոհանես Հանի, Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ։

Ինչպես ՀՀ ԱԳՆ-ն է տեղեկացրել, Հայաստանի ԱԳՆ ղեկավարը, ի թիվս այլ հարցերի, Յոհանես Հանին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները, որոնք, հանձնակատար Հանի բնորոշմամբ՝ կարելի է դիտարկել՝ որպես ժողովրդավարական փոփոխության լավ օրինակ: Նախարար Մնացականյանը հանձնակատար Հանին ներկայացրել է կառավարության նոր ծրագիրը և վերջինիս արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանում բարեփոխումների գործընթացին Եվրամիության կողմից ցուցաբերած շարունակական աջակցության համար:

ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է նաև կառավարության ծրագրերը և գործունեությունը՝ ուղղված հետևողական բարեփոխումների իրականացմանը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, օրենքի գերակայությանը, կոռուպցիայի դեմ պայքարին՝ այդ նպատակին հասնելու ճանապարհին կարևորելով գործընկերների հետ համագործակցությունը։ ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ որպես երկկողմ հարաբերությունների շրջանակ։

Նախարար Մնացականյանը տեղեկացրել է կառավարության ծրագրում ամրագրված արտաքին քաղաքական առաջնահերթությունների և գերակայությունների հիման վրա ձեռնարկված քայլերի մասին, որոնք ուղղված են Հայաստանի շահերի պաշտպանությանը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առնչությամբ հայկական կողմի դիրքորոշումներին ու առաջնահերթություններին՝ ընդգծելով նաև խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը բանակցային գործընթացի առաջմղման համար։

Հատկանշական է, որ նախարար Մնացականյանի այցը հաջորդեց Եվրոպական խորհրդարանի 9 պատգամավորներից բաղկացած պատվիրակության այցին Հայաստան։ Պատվիրակությունը ղեկավարում էր արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Դևիդ ՄքԱլիստերը։ Եվրոպացի խորհրդարանականներն այստեղ էին՝ գնահատելու Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն ու բարեփոխումներին ուղղված ջանքները։ ՄքԱլիստերն ուշագրավ ուղերձ էր փոխանցել հայ գործընկերներին՝ խոսելով վիզաների դյուրացման բանակցությունների մեկնարկի մասին։

«Ես գիտեմ նաև, որ մեզ ուղղված կոչեր կան՝ սկսել բանակցությունները հայերի համար առանց վիզայի ռեժիմի շուրջ։ Կլինեմ շատ պարզ՝ մենք պատրաստ ենք աջակցել նման երկխոսության մեկնարկին։ Ես հասկանում եմ, որ գործող համաձայնագիրն իրականացվում է, սակայն մենք նաև պետք է տեսնենք Հայաստանից միգրանտների քանակի նվազում, ովքեր անօրինական մնում են ԵՄ անդամ երկրներում։ Եվ կրկին, առանցքային բարեփոխումները, ինչպիսին է կոռուպցիայի դեմ պայքարը, պետք է պտուղներ տան»,- ասել էր ՄքԱլիստերը։ Դատելով Մնացականյանի բրյուսելյան օրակարգից, թեման քննարկվելու է նաև Բրյուսելում, և կողմերը փորձելու են հասնել բանակցությունների շուտափույթ մեկնարկի։

«168 Ժամի» հետ զրույցում վրացի եվրոպագետ Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ չնայած Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո կար հավանականություն, որ կփոփոխվեն նաև ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները, Ռուսաստանի կամ ԵՄ-ի հետ հարաբերությունների ծավալները, ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը բավականին հագեցած մնաց։

Գոգոլաշվիլին նկատեց, որ կարծես խորացման միտում չկա, սակայն նոր իշխանությունները պահպանում են այն նշաձողը, որը նախկին իշխանություններն են դրել ՀՀ-ԵՄ հարաբերություններում։ Նրա որակմամբ՝ ներկայիս փուլը դրական է կողմերի հարաբերությունների համար, քանի որ կա առաջընթացի սպասում։

Գոգոլաշվիլիի խոսքով, և ԵՄ-ն որոշ ակնկալիքներ ունի Հայաստանից՝ բարեփոխումների և միգրացիոն ապօրինությունների վերահսկման տեսանկյունից, և Հայաստանն ունի ակնկալիք, որ կսկսվեն վիզային բանակցությունները, և Հայաստանը, ինչպես և Վրաստանը, կստանա վիզային ազատականացում Եվրամիության հետ։

«Հարաբերությունների ամրության և հեռանկարայնության համար թեստային ժամանակաշրջան է։ Հայաստանի առջև է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, այն պետք է վավերացվի, ԵՄ-ն ակնկալում է, որ բոլոր բարեփոխումները կիրականացվեն, հատկապես, երբ ՀՀ-ում նոր իշխանություններ են, որոնք բավականին հավակնոտ հայտարարություններով են հանդես գալիս ՀՀ վերափոխման ծրագրերի տեսանկյունից, սա եվրոպական ոգով է, նույն այդ բարեփոխումների համար նման երկրներում տարիներ շարունակ պայքարել են եվրոպացիները, ուստի կա արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ մթնոլորտ։

Թե ինչպես սա կտեղափոխվի վիզային ազատականացման բանակցություններ, դժվար է ասել, քանի որ այս հարցում Եվրոպական միության երկրները բավականին լուրջ մարտահրավերների առջև են կանգնած, քանի որ մեր երկրները չեն կարողանում այնպիսի օրենսդրություն և վերահսկողություն սահմանել, որն ամբողջությամբ կլուծի ապօրինի միգրացիայի խնդիրը»,- նման տեսակետ հայտնեց Կախա Գոգոլաշվիլին։

Վերջինս ասաց, որ Եվրամիության հետ հարաբերությունները փուլային բնույթ են կրում։ ՈՒստի, նրա հավաստիացմամբ, եթե ներկայիս փուլը հաղթահարվի, ապա, այսպես թե այնպես, դրան հաջորդելու է մյուս փուլը։ Սակայն, Գոգոլաշվիլիի խոսքով, բանակցությունների և համաձայնագրի ներդրման ընթացքում ամեն բան շատ ավելի պարզ կդառնա։ Նրա կարծիքով՝ եվրոպացիներն ԱլԳ մյուս երկրների օրինակներից հետո փորձելու են զգույշ լինել՝ հաշվարկելով բոլոր հնարավոր ռիսկերը։

Մեզ հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Լոռ Դելքուրն ասաց, որ ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխություններից հետո, հասկանալիորեն, ՀՀ նոր իշխանություններն անցել են աշխատանքային ռեժիմի, ինչը ողջունելի է։ Ըստ նրա, կողմերը ծանոթանում են միմյանց հետ։ Դելքուրի խոսքով՝ ԵՄ-ի համար հետաքրքրական է, թե ինչպես է պատկերացնում ՀՀ-ԵՄ հարաբերությունների ապագան ՀՀ նոր իշխանությունը, ինչ արտաքին քաղաքական առաջնահերթություններ ունի, որոնք դեռ անորոշ են։

«Միևնույն ժամանակ՝ ԵՄ-ն չունի գերագնահատված սպասելիքներ, որ Հայաստանը փոխելու է իր կողմնորոշումը դեպի Արևմուտք։ Պարզապես հետաքրքիր է, թե ինչ նրբերանգներ կարող են փոխվել։ Կարծում եմ՝ այս փուլը մի որոշ ժամանակ կշարունակվի, սակայն այս ընթացքում կիրականացվեն այն ծրագրերը, որոնք ներառված են ՀՀ-ԵՄ հարաբերությունների առաջիկա պլաններում, այսինքն՝ խոսքը համաձայնագրի մասին է։ Մյուս հանգրվանների ապագան կախված է համաձայնագրից և ՀՀ նոր իշխանությունների քաղաքական կամքից»,- ասաց Դելքուրը։

Վերջինիս համոզմամբ՝ ՀՀ նորանշանակ նախարարին Բրյուսելում համապատասխան ուղերձներ կփոխանցեն այդ մասին։

Տեսանյութեր

Լրահոս