Արմեն Գրիգորյանը՝ ռուսական նոր կործանիչներ ձեռք բերելու մասին

Հայաստանի նոր իշխանությունները, Պաշտպանության նախարարությունն իրենց առջև խնդիր են դրել զարգացնել ավիացիայի ոլորտը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե ռուսական «Կոմերսանտ» թերթում հրապարակվել է տեղեկատվություն այն մասին, ըստ որի, չի բացառվում, որ մոտ ապագայում Հայաստանի ռազմաօդային ուժերի զինանոցը համալրվի ռուսաստանյան արտադրության բազմաֆունկցիոնալ կործանիչներով:

«Հայաստանի նոր իշխանություններ իրենց աառջև նպատակ են դրել զարգացնել ավիացիան: Ներկայում քննարկվում են տարբեր ճանապարհներ, կարծում եմ, որ շատ արագ վերջնական եզրահանգում կլինի՝ հասկանալու համար ռեսուրսները, դրանց օգտագործման հնարավորությունները Հայաստանի բանակն ուժեղացնելու համար»,- ասաց Արմեն Գրիգորյանը: Լրագրողի ճշգրտող հարցին, թե արդյոք հստակեցումներ կան, Արմեն Գրիգորյանը նշեց, որ այս պահին մտքերի փոխանակում է:

Կոմերսանտը գրել էր, որ Ռուսաստանը մտադիր է Հայաստանին մատակարարել Су-30СМ մարտական ինքնաթիռներ: Հոդվածում նշվում է, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից առաջ երկրի ղեկավարությունը մինչև 2024 թվականը հետաձգել է Ռուսաստանից բազմաֆունկցիոնալ Су-30СМ կործանիչների գնումը: Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 2012թ-ին, սակայն այդպես էլ ուժի մեջ չի մտել: Թերթի տեղեկություններով Ռուսաստանը մտադիր է գործարքը իրականացնել Հայաստանի նոր իշխանությունների հետ: Նշվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն նստել է Су-30СМ-ի մեջ և կործանիչն անվանել լավագույններից մեկն աշխարհում:

Տեսանյութեր

Լրահոս