Տիգրան Մուկուչյանը՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին
Այսօր լրագրողները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք Ընտրական օրենսգրքի նախնական փոփոխությունների ուրվագծերը կան։
Ի պատասխան՝ Տ. Մուկուչյանն ասաց. «Այսօր դժվար է որևէ կոնկրետ հարցի վերաբերյալ խոսել, աշխատանքային գործընթաց է լինելու, որի շրջանակներում տարբեր խնդիրներ կբարձրացվեն»։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին: Այս հանձնաժողովի կազմում է նաև ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Նա ասաց, որ իրենք հանձնաժողովի կողմից դեռևս հրավեր չեն ստացել, ու չգիտի, թե կոնկրետ որ օրվանից են սկսելու աշխատանքները։ Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն, կարծես, հրաժարվել է մասնակցել ԸՕ-ի փոփոխությունների գործընթացին՝ Տ. Մուկուչյանն այսպես արձագանքեց.
«Ես տեղյակ չեմ ու որքանով տեղյակ եմ՝ այս հանձնաժողովի կազմում կուսակցությունների ներկայացուցիչներ ներգրավված չեն»։