
Պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՔԿՀ-ներ և ՁՊՎ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները երեկ՝ հունիսի 19-ին, չհայտարարված այցեր են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն», «Դատապարտյալների հիվանդանոց» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ, ինչպես նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:
Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ հացադուլ հայտարարած մի քանի ազատազրկվածների հետ, ուսումնասիրվել են նրանց մատուցվող բուժօգնությանն առնչվող հարցերը, տրամադրվել է անհրաժեշտ խորհրդատվություն:
Ստուգվել են նաև նշված վայրերում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև բողոքներին առնչվող փաստաթղթերը:
Այցի արդյունքների հիման վրա կձեռնարկվեն համապատասխան միջոցներ արձանագրված խնդիրների լուծման նպատակով: