Ինչո՞ւ է ձգձգվում Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումի ստորագրումը. Պարզաբանում է վարչապետի խոսնակը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ է, սակայն նա դեռ չի ստորագրել այն։ 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։
Հարցին՝ ՀՀ վարչապետը և Սոցապ նախարարը հանդիպում ունեցե՞լ են, քննարկե՞լ են հնարավոր այլ լուծումները, Ա. Եղոյանը պատասխանեց, որ իրենք ամենօրյա աշխատանքային ռեժիմով կամ ըստ պայմանավորվածության՝ հանդիպում են. «Կառավարության մի կաբինետ է, իրենք հատուկ հանդիպում կազմակերպելու կարիք չունեն»։
Մեր ճշտող հարցին էլ, թե հնարավո՞ր է՝ չստորագրվի դիմումը՝ վարչապետի խոսնակն այսպես պատասխանեց. «Չեմ կարող վարչապետի փոխարեն ասել, բայց իր մոտ է դիմումը, հենց ստորագրվեց, անմիջապես կիմանաք»։
Մենք նաև հետաքրքրվեցինք, թե ձգձգումն ինչո՞վ է պայմանավորված։ Ի պատասխան՝ Ա. Եղոյանն ասաց, որ դա պայմանավորված է աշխատանքային ռիթմով։