«Բիլյարդանոցում բիլյարդի ձողը մտցրել է մեկի փորը, այդպիսի բազմաթիվ դեպքեր են եղել…». Ավետիք Իշխանյանի բացահայտումները՝ Մանվել Գրիգորյանի մասին

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Հայաստանում ստեղծված ամենաթողության մթնոլորտի ակունքները և որոշ դրվագներ պատմեց գեներալ Մանվել Գրիգորյանի արարքների մասին։

«Ցավոք, 90-ականներից ոչ թե փորձ արվեց և ջանքեր ներդրվեցին պետություն ստեղծել և հզորացնել, այլ միակ ուղղությունը գնաց՝ իշխանությունն ամրապնդելը։ Եվ այդ իշխանությունն ամրապնդելու համար իշխանության հիմնական հենարանը դարձավ ոչ թե ժողովուրդը, այլ ուժային կառույցները, նաև՝ տարբեր տիպի անձինք՝ իրենց հրոսակախմբերով, որոնք արտոնված էին, և որոնց որևէ պատիժ չէր հասնում։ Այստեղից էլ առաջացավ անպատժելիության մթնոլորտը յուրայինների նկատմամբ»,- ասաց նա։

Իշխանյանը եղել է ՀՀՇ անդամ և լավ հիշում է, որ արդեն իշխանության փոփոխությունից հետո, երբ ՀՀՇ-ն իշխանության էր, մի հետաքրքիր դեպք տեղի ունեցավ. ««Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀՇ  վարչության անդամներից մեկի եղբայրը Մասիսում ընկերների հետ քեֆ անելիս սկսել էին կրակել, ինչ-որ մարդ էր վիրավորվել, Ոստիկանությունը նրան ձերբակալել էր։ Շատ վախվորած մի քանի հոգի ասացին՝ ի վերջո, անօրինականություն է, թող պատիժ կրեն, հիշում եմ՝ ինչ կատարվեց, հիմնական խոսակցությունները հետևյալն էին՝ մեր տղերքն են, հիմա խմած մի բան են արել, սա Ոստիկանության կողմից սաբոտաժ է մեր իշխանության նկատմամբ, և նրանք ազատվեցին։ Հետո այդ հանցագործություն կատարողը դարձավ քաղաքապետ։ Սա ծագումնաբանությունն է»։

Հետո՝ 1993թ., երբ ստեղծվեց ԵԿՄ-ն, իրավապաշտպանի խոսքով՝ բազմիցս է ասվել, որ պետության  մեջ անօրինական զինված խումբն օրինականացնել չի կարելի. «Բայց որևէ մեկը կարո՞ղ էր համարձակվել Վազգեն Սարգսյանի դեմ խոսել, Լևոն Տեր-Պետրոսյանի հովանավորությամբ ստեղծված այդ կառույցի դեմ խոսել։ 1995թ. ԵԿՄ-ականներն իրենց առաջին սխրագործությունը կատարեցին, երբ պայթեցրին 7 կրոնական կազմակերպություններ Հայաստանում, նրանց ծեծեցին, ջարդեցին, նույնիսկ սպանություններ եղան՝ ազգային հողի վրա։ Ամենահետաքրքրականն այն է, որ այն ժամանակվա մեր ընդդիմադիր ուժերից որևէ մեկը նրանց չքննադատեց՝ մտքում ասելով՝ դրանց հասնում էր»։

Կարդացեք նաև

Իշխանյանը շարունակեց. «Նրանց հաջորդ քաջագործությունը եղավ 1995թ. ընտրությունների ժամանակ, երբ հենց Օպերայի հրապարակում կրակոցներ, ծեծ ու ջարդ եղան, որևէ մեկը պատասխանատվություն չկրեց, և 1995-96թթ. ամբողջ ընտրությունները կազմակերպեցին այդ Երկրապահ կոչված հրոսակախումբը։ Նրանց թույլ էր տրվում ամեն ինչ, նրանց տրվեց բիզնես, և այլն։ Այդպես շարունակվեց մինչև մեր օրերը։ Ասեմ ավելին, նույն այդ ԵԿՄ-ականների և Վազգեն Սարգսյանի միջոցով 1998թ. տեղի ունեցավ հեղաշրջում։ Ես շատ բաներ չեմ բարձրաձայնել, որովհետև չեմ ուզել մարդկանց գցել հարվածների տակ։ Գորիսում, երբ Մանվել Գրիգորյանն ապրում էր հայտնի գեներալի տանը, ինչեր են տեղի ունեցել. գնացեք՝ Գորիսում հարցրեք, ոնց են փողոցից աղջիկներ տարել այնտեղ, երբ հայրը գնացել է աղջկան բերելու, ոնց են նկուղ գցել, և ինֆարկտից մահացել է հայրը։ Չգիտեի՞ն։

Էջմիածնի փոխքաղաքապետը 2004 թ. մեզ պատմեց, թե ինչեր են կատարվում Էջմիածնում, թե ինչպես է գեներալ Մանվելն ամեն երեկո հեծանիվ քշել, որի ժամանակ իրեն ուղեկցել են հեծանվորդները, փողոցները փակվել են, ամեն խաչմերուկում երեխաները պետք է կանգնեին և գոռային՝ ուռա՜՝ իր անցնելու ժամանակ։ Բիլյարդանոցում բիլյարդի ձողը մտցրել է մեկի փորը, այդպիսի բազմաթիվ դեպքեր են եղել, որոնք հրապարակվել են, ոչ մի արձագանք չի եղել»։

Իրավապաշտպանի խոսքով՝ գեներալ Մանվելի մասին գիտեին անգամ Եվրոպայում. «Դուք գիտե՞ք, որ գեներալ Մանվելի համբավը հասել էր ամբողջ Եվրոպա, և ցանկացած Հայաստանից հեռացած փախստական, որ պետք է ապաստան ստանար, բավական է մի փոքր առիթ գտներ, որ ինքն առնչվել է Մանվել Գրիգորյանի հետ, և քաղաքական ապաստան ստանար։ Սա մեր իրականությունն է եղել։  Սա ռազմաֆեոդալական համակարգ է, և արդյո՞ք միայն ինքն է։ Արդյո՞ք հնարավոր է քանդել դա, ես ողջունում եմ, որ գնում է դրա քանդման գործընթացը։ ԵԿՄ-ն պետք է լուծարվի։ Զարմանալի չէ, որ Մանվելի ընկերը՝ Սեյրան Սարոյաննը,ասաց՝ է՜, ո՞ւմ տանը զենք չկա երկրապահներից։ Սա եղել է իշխանությունների հիմնական հենարանը»։

Տեսանյութեր

Լրահոս