«Ադրբեջանի իշխանությունները գործում են սեփական ժողովրդի դեմ». Ալեքսանդր Լապշին
Ադրբեջանի իշխանություններն անօրինական են և գործում են սեփական ժողովրդի դեմ: Այս մասին Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանի, Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը:
Նա հիշեցրեց, որ ինքը Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: «Ստրասբուրգի դատարանում մենք Ադրբեջանին մեղադրում ենք Բաքվի բանտում իմ դեմ մահափորձ իրականացնելու մեջ: Ինձ մոտ են Իսրայելի դատաբժշկական փորձաքննության բոլոր փաստաթղթերը, որոնցում ասվում է, որ Բաքվի դատարանում իմ դեմ մահափորձ է իրականացվել, որը հետագայում փորձ է արվել ներկայացնել որպես ինքնասպանության փորձ: Ընդ որում, դա արվել է անգրագետ կերպով»,- նկատեց Լապշինը: Նա տեղեկացրեց, որ մեկ այլ հարց էլ ներկայացվել է Նյու Յորքի Բրուքլինի դատարանում. այդ հարցը հիմնված կլինի Ստրասբուրգի դատարանի որոշման վրա:
Բլոգերն ԱՄՆ-ում մի շարք հանդիպումներ կիրականացնի իրավապաշտպան կազմակերպությունների, լրագրողների հետ: «Կարծում եմ՝ այս ամենն օգուտ կտա հենց Ադրբեջանին, քանի որ այնտեղ իշխանությունը հակաօրինական է և առաջին հերթին գործում է սեփական ժողովրդի դեմ, որը ոչնչում մեղավոր չէ: Բացի այդ, դա օգուտ կտա նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որը չպետք է գերի լինի Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններին կամ Բաքվի նավթին»,- ասաց բլոգերը:
Նա ներկայում ընտանիքի հետ տեղափոխվել և բնակվում է Վրաստանում:
«Արմենպրես»-ի թղթակցի հարցին, թե արդյոք չի՞ վախենում իր և ընտանիքի կյանքի համար՝ հաշվի առնելով Վրաստանում ադրբեջանական մեծ համայնքի, կազմակերպությունների առկայությունը, Լապշինը պատասխանեց. «Ադրբեջանն, անկասկած, մեծ ազդեցություն ունի Վրաստանի վրա, այդ երկրի գլխավոր ներդրողներից է, Վրաստանով է անցնում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը: Այդ երկրում մեծ ադրբեջանական համայնք կա, սակայն չեմ կարծում, որ այնտեղ իմ կյանքն ավելի մեծ վտանգի տակ է, քան ցանկացած այլ երկրում: Ադրբեջանի ռեժիմը մարդկանց սպանում է թե՛ Եվրոպայում, թե՛ ԱՄՆ-ում: Այսինքն, եթե նրանք մտադրվեն ինձ սպանել, ապա նրանք ինձ ամենուր կգտնեն, անգամ Արգենտինայում: Այլ հարց է, որ չեմ կարծում, թե այդ երկրի հետաքրքրության շրջանակում եմ, քանի որ երկիրն առանց այն էլ ներկայում ոչ լավ միջազգային իրադրությունում է հայտնվել «ադրբեջանական լվացքատան» հետ կապված փողերի լվացման, ԼՂ չկարգավորված հիմնախնդրի, խավիարային դիվանագիտության պատճառով: Կարծում եմ, որ նրանց հետաքրքրությունների շրջանակում չէ ունենալ հավելյալ ևս մեկ սկանդալ իմ սպանության հետ կապված: Իհարկե, այստեղ մեկ այլ ռիսկ էլ կա: Քանի որ Ալիևի իշխանությունը կայուն չէ և գուցե վերջին տարիներն է ապրում, ապա կգտնվեն մարդիկ կառավարության ներսում, ովքեր կարող են իմ դեմ հարձակում իրականացնել՝ հետագայում դա Ալիևի դեմ որպես կոմպրոմատ օգտագործելու նպատակով»:
Անահիտ Մինասյան