Բաժիններ՝

«Այժմ ամենավտանգավոր պահն է սառը պատերազմի ժամանակներից ի վեր». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն այն կարծիքին է, որ ներկա ժամանակաշրջանն ամենավտանգավորն է սառը պատերազմի ավարտի ժամանակներից ի վեր: Համապատասխան հայտարարությունը նա արել է El Mundo թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է հունիսի 20-ին։

«Այժմ աշխարհն անհամեմատ ավելի անկանխատեսելի է, ինչը մեզանից հնարավորություն է պահանջում՝ հակազդել միաժամանակ տարբեր ուղղություններից եկող սպառնալիքներին»,-նշել է դաշինքի գլխավոր քարտուղարը: Նրա խոսքով՝ «գլոբալ մասշտաբով սա ամենավտանգավոր պահն է առնվազն սառը պատերազմի ավարտից հետո»: «Շատ տարբերություններ կան դաշինքի սպառնալիքների միջեւ»,-ընդգծել է Ստոլտենբերգը:

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամների միջեւ «անցյալում է տարբեր տեսլականներ են եղել մի շարք հարցերի շուրջ, բայց ամեն անգամ մենք ի վիճակի ենք եղել համաձայնության գալ»: «Ես չեմ ասում, որ այսօր գոյություն չունեն լուրջ տարաձայնություններ: Բայց պատմական դասն այն է, որ դաշինքը կատարում է գլխավոր հանձնառությունը՝ պաշտպանությունը,-ընդգծել է Ստոլտենբերգը:-Անկասկած, այսօր մենք տարաձայնություններ ենք տեսնում առեւտրին, կլիմայի փոփոխմանը, իրանական համաձայնագրին վերաբերող հարցերում, բայց միեւնույն ժամանակ ատլանտյան համագործակցությունն ավելի ուժեղ է, քան երկու տարի առաջ»:

«Ռուսաստանը գիտի, որ մենք երբեք այնպիսի բան թույլ չենք տա ՆԱՏՕ-ի անդամի հետ, ինչ տեղի ունեցավ Ղրիմում,-ասել է գլխավոր քարտուղարը:-Միեւնույն ժամանակ մենք հասկանալ ենք տալիս, որ նոր սառը պատերազմ կամ սպառազինությունների մրցավազք չենք ցանկանում: Ռուսաստանը մեր հարեւանն է, ուստի մենք կշարունակենք ջանալ՝ բարելավելու հարաբերությունները», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս