Բացարձակ անաչառությամբ և օրենքի խստիվ պահպանմամբ ապահովել հասարակության հետ անմիջականության ու վստահելիության մթնոլորտ
Սույն թվականի հունիսի 19-ին Արցախի Հանրապետության ոստիկանության պետ¸ ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանը այցելեց ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին և հանդիպում ունեցավ շրջբաժնի ծառայողների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին Ասկերանի շրջվարչակազմի նորանշանակ ղեկավար Գեղամ Բեգլարյանը¸ շրջանի դատախազն ու ազգային անվտանգության ծառայության պատասխանատուն։
Սկզբից ոստիկանության կադրերի բաժնի պետ¸ ոստիկանության փոխգնդապետ Արմեն Բաղրյանը հրապարակեց ոստիկանության պետի հրամանը¸ համաձայն որի ոստիկանության փոխգնդապետ Արթուր Բաղունցը ազատվել է ոստիկանության տնտեսական և պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի պետի պաշտոնում։
Ոստիկանության պետը պատասխանատու պաշտոններում նշանակվելու կապակցությամբ շնորհավորեց ինչպես նորանշանակ շրջվարչակազմի ղեկավարին¸ այնպես էլ ոստիկանության շրջանային բաժնի պետին և համոզմունք հայտնեց¸ որ այսուհետ էլ ավելի կամրապնդվի շրջվարչակազմի¸ իրավապահ կառույցների պատասխանատուների և ոստիկանության շրջբաժնի միջև համագործակցությունը¸ որը կնպաստի շրջանի հասարակական անվտանգության աստիճանը առավել ամրապնդելուն և քաղաքացիների խնդիրները րոպե առաջ լուծելուն։
Ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանը անձնակազմից պահանջեց համախմբվել ոստիկանության փոխգնդապետ Արթուր Բաղունցի շուրջ և բացարձակ անաչառությամբ ու օրենքի խստիվ պահպանմամբ ապահովել հասարակության հետ անմիջականության ու վստահելիության մթնոլորտ։
Արցախի Հանրապետության ոստիկանություն