Աշխարհի միլիոնատերերի կարողությունն առաջին անգամ գերազանցել է 70 տրլն դոլարը
Աշխարհի բոլոր դոլարային միլիոնատերերի միագումար կարողությունը 2017 թվականին աճել է 10,6 տոկոսով եւ առաջին անգամ գերազանցել 70 տրլն դոլարը: Այդ մասին ասված է Capgemini SA-ի ամփոփագրում:
World Wealth Report-ի տարեկան զեկույցի համաձայն, ունեւոր մարդկանց (high-net-worth individual, HNWI) թիվն անցյալ տարի ավելացել է 1,6 միլիոնով, ընդ որում՝ նոր միլիոնատերերի երեք քառորդ մասը բաժին է ընկել Հյուսիսային Ամերիկային եւ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանին (ԱԽՏ):
Այն մարդկանց թվաքանակը, որոնց ներդրվող ակտիվները գնահատվում են առնվազն 1 մլն դոլար՝ առանց հիմնական բնակության վայրը հաշվի առնելու, Հյուսիսային Ամերիկայում կազմում է 5,66 մլն HNWI, Եվրոպայում՝ 4,83 մլն, ԱԽՏ-ում՝ 6,18 մլն, Մերձավոր Արեւելքում՝ 660 հազար, Լատինական Ամերիկայում՝ 600 հազար, Աֆրիկայում՝ 170 հազար: Ընդ որում՝ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ճապոնիայում եւ Չինաստանում 2017 թվականի վերջին ապրում էր աշխարհի բոլոր դոլարային միլիոնատերերի 61,2 տոկոսը:
Միլիոնատերերի միագումար կարողությունն անցյալ տարի աճել է աշխարհի բոլոր տարածաշրջաններում, առավելագույն աճը գրանցվել է ԱԽՏ-ում՝ 14,8 տոկոս, երկրորդ տեղում Հյուսիսային Ամերիկան է՝ 10,3 տոկոս: Ասիացի հարուստների կարողությունը գնահատվում է ընդհանուր առմամբ 21,59 տրլն դոլար, հյուսիսամերիկացիներինը՝ 19,79 տրլն դոլար եւ եվրոպացիներինը՝ 15,85 տրլն դոլար:
Աշխարհի հարուստ քաղաքացիների կարողության գրեթե երրորդ մասը պահվում է բաժնետոմսերում (30,9 տոկոսը), փոքր-ինչ պակաս մասը՝ դրամական միջոցներով եւ համարժեքներով (27,2 տոկոսը), անշարժ գույքին բաժին է ընկնում 16,8 տոկոսը: Նշվում է, որ ունեւոր մարդիկ ավելի ու ավելի մեծ հետաքրքրություն են դրսեւորում կրիպտոարժույթների նկատմամբ, հարցված միլիոնատերերի 29 տոկոսն իրենց հետաքրքրությունը բնութագրել են «բարձր» բառով:
Մինչեւ 2025 թվականը միլիոնատերերի կարողությունն աշխարհում կարող է ավելանալ մինչեւ 100 տրլն դոլար, կանխատեսում է Capgemini-ն: Դա գրեթե եռակի գերազանցում է 2006 թվականի ցուցանիշը:
World Wealth Report-ն օգտագործում է 71 երկրների տվյալները, որոնց բաժին է ընկնում աշխարհի համախառն ազգային եկամտի 98 տոկոսը եւ գլոբալ ֆոնդային շուկաների կապիտալացման 99 տոկոսը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: