Բաժիններ՝

ԱՀԿ-ն տեսախաղերից կախվածությունը ներառել է 55 հազար հիվանդությունների ցուցակում

Ավելի քան 55 հազար հիվանդություններ, վնասվածքներ եւ խանգարումներ, ներառյալ խաղերից կանխվածությունը, ներառվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից հունիսի 18-ին հրապարակված Հիվանդությունների միջազգային դասակարգման (ՀՄԴ-11) տասնմեկերորդ հրատարակության մեջ:

Այդ փաստաթուղթն առաջին անգամ ամբողջությամբ ներկայացված է էլեկտրոնային տեսքով։ Ինչպես պարզաբանել են ԱՀԿ-ում, ՀՄԴ-11-ը հիմք է հանդիսանում «գլոբալ մասշտաբով միտումներն ու վիճակագրությունը որոշելու համար», դա նաեւ միջազգային ստանդարտ Է հիվանդությունների վերաբերյալ զեկույցների համար:

Դասակարգումն «ավելի քան 55 հազար բացառիկ կոդեր է պարունակում վնասվածքների, հիվանդությունների եւ մահվան պատճառների համար՝ առողջապահության մասնագետներին հնարավորություն տալով «օգտագործել ընդհանուր լեզու» եւ «տեղեկատվություն տրամադրել ամբողջ աշխարհում»: Այս փաստաթղթի մշակումը «հպարտություն է ներշնչում» ԱՀԿ-ին, քանի որ դրա շնորհիվ կարելի է «շատ բան իմանալ մարդկանց հիվանդությոնների ու մահվան պատճառների մասին, քայլեր ձեռնարկել տառապանքները կանխելու եւ կյանքեր փրկելու համար», ՀՄԴ-11-ի հրապարակման կապակցությամբ հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Հեբրեյեսուսը:

Ավելի քան 10 տարի մշակվող ՀՄԴ-11-ը «լրջորեն բարելավված է նախորդ տարբերակի համեմատությամբ. այն առաջին անգամ է էլեկտրոնային տեսքով եւ կատարված է դրա օգտագործումը դյուրացնող ձեւաչափով»: Այդ փաստաթղթի վրա աշխատելիս փորձագետներն ստացել են ավելի քան 10 հազար առաջարկություն: Նորույթների թվում են՝ փաստաթղթում ավանդական բժշկության վերաբերյալ գլխի հայտնվելը, ինչը պայմանավորված Է միլիոնավոր մարդկանց շրջանում դրա տարածվածությամբ, ինչպես նաեւ տեսա- եւ թվային խաղամոլության ներառումը կախվածության հետ կապված խանգարումների ցուցակում:

Ինչպես պարզաբանվում է փաստաթղթում, խաղային խանգարում կարող է ախտորոշվել այն դեպքում, եթե վարքագծի մոդելը խանգարումներ է առաջ բերում անձնական, ընտանեկան, սոցիալական եւ այլ բնագավառներում եւ դիտվում է ոչ պակաս, քան 12 ամսվա ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս