
Կիմ Չեն Ունը ժամանել է Պեկին

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը ժամանել է Պեկին, ՉԺՀ-ի մայրաքաղաքի օդանավակայանում նրա ժամանման փաստն արձանագրել են արտասահմանյան ԶԼՄ-ները։ Ավելի վաղ այն մասին, որ Կիմ Չեն Ունը հունիսի 19-20-ին այց կկատարի Չինաստան, հայտնել էր «Սինհուա» գործակալությունը:
Ինչպես գրել է Nikkei ճապոնական թերթը, Հյուսիսային Կորեայի ղեկավարը մտադիր է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինին ծանոթացնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ սինգապուրյան հանդիպման արդյունքներին եւ այդ կապակցությամբ քննարկել համագործակցության հետագա ուղղությունները:
Կիմ Չեն Ունն արդեն երկու անգամ այցելել Է Չինաստան եւ հանդիպում ունեցել Սի Ցզինպինի հետ՝ ընթացիկ տարվա մարտին եւ մայիսին՝ Թրամփի հետ հանդիպումից առաջ: ԿԺԴՀ-ԱՄՆ գագաթնաժողովը կայացել Է Սինգապուրում հունիսի 12-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: