Բաժիններ՝

Մայիս ամսվա հարկերի հավաքագրումը գերակատարվել է 2%-ով. Դավիթ Անանյան

2018 թվականի մայիս ամսին հարկերի հավաքագրումը կատարվել է 102%-ով։ «Այսինքն՝ 2%-ով գերակատարում ունենք»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Դավիթ Անանյանի խոսքով, կա հարկերի հավաքագրման 3 սցենար ։ Այսպես ասած, վատատեսական սցենարն այն ցուցանիշն է, որը դրված է բյուջեի հիմքում՝ 1 տրլն 248.5 մլրդ դրամ: Բացի այդ, կան նաև իրատեսական և լավատեսական սցենարներ, և փաստացի հարկային մուտքերը 2%-ով գերազանցել են լավատեսական սցենարը. պլանավորված 109 մլրդ դրամի փոխարեն՝ մայիս ամսին միասնական գանձապետական հաշվին մուտք է եղել 111 մլրդ դրամ։

Թե կոնկրետ որ հարկատեսակների գծով է աճ գրանցվել, Դ. Անանյանը դժվարացավ նշել, քանի որ միասնական գանձապետական հաշվի ներդրման արդյունքում տվյալները համադրելի չեն։  «Համադրելի լինելու համար մայիս ամսին գանձապետական հաշվին եղած մուտքն է համեմատվում նախորդ տարվա մայիսի բյուջետային մուտքի հետ։ Եթե հիմա մեր բյուջետային եկամուտները կազմում են ինչ-որ X թիվ, մենք չունենք համադրելի այլ տեղեկատվություն, որպեսզի համեմատենք անցած տարվա հետ և ասենք՝ գերակատարե՞լ ենք, լա՞վ տեմպեր ունենք, թե՞ վատ։ Ստիպված մենք հիմա հոսքերը համեմատում ենք հոսքերի հետ»,- ասաց Դ. Անանյանը։

Նա նաև ավելացրեց, որ արդեն 2019 թվականին հնարավոր կլինի համադրել բյուջետային եկամուտները՝ 2018 թվականի բյուջետային եկամուտների հետ։

Դավիթ Անանյանի հետ ամբողջական հարցազրույցը՝ առաջիկայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս