2017թ. ՀՀ արտաքին առևտրի ծավալը 283 մլն դոլարով պակաս է նախկինում հրապարակված ցուցանիշից. ԱՎԾ-ն հրապարակել է ճշգրտված տվյալները
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2017թ. ՀՀ արտաքին առևտրի ճշգրտված տվյալները՝ ըստ հիմնական գործընկեր երկրների։
Այսպես, ըստ ճշգրտված տվյալների՝ 2017 թվականին Հայաստանից ապրանքների արտահանումը կազմել է 2 մլրդ 149.8 մլն դոլար։ Մինչդեռ 2017 թվականի հունվար-դեկտեմբերի սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին զեկույցում արտահանման ծավալը 2 մլրդ 242.9 մլն դոլար էր։ Այսպիսով, ճշգրտված ցուցանիշը 93.1 մլն դոլարով պակաս է նախկինում հայտարարված ցուցանիշից։
Ճշգրտվել է նաև ներմուծման ցուցանիշը։ Ըստ ճշգրտված տվյալների՝ 2017 թվականին ապրանքների ներմուծումը կազմել է 3 մլրդ 993.1 մլն դոլար։ Նախկինում հրապարակված տվյալներով՝ նախորդ տարի ներմուծման ծավալը 4 մլրդ 182.7 մլն դոլար էր։ Այսպիսով, ներմուծման ճշգրտված ցուցանիշը շուրջ 190 մլն դոլարով պակաս է նախկինում հայտարարված ցուցանիշից։
Այսպիսով, 2017 թվականին ՀՀ արտաքին առևտրաշրջանառության իրական թիվը ավելի քան 280 մլն դոլարով պակաս է նախկինում հայտարարված ցուցանիշից։