Բաժիններ՝

Գնաճը՝ մայիսին. ինչպես են փոխվել առանձին ապրանքների գները

2018 թվականի մայիսին 12-ամսյա գնաճը (մայիսը՝ նախորդ տարվա մայիսի համեմատ) Հայաստանի Հանրապետությունում կազմել է 1.6%: Հիշեցնենք, որ հենց 12-ամսյա գնաճի ցուցանիշն է դրվում բյուջեի հիմքում և Հայաստանում 12-ամսյա գնաճի թույլատրելի միջակայքը 2.5%-ից 5% է։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, սպառողական գների փոփոխություններն արտացոլող մյուս տվյալներն այսպիսին են .

2018 թվականի մայիսը՝ 2017 թվականի դեկտեմբերի համեմատ – 1.1% գնաճ

2018 թվականի մայիսը՝ 2018 թվականի ապրիլի համեմատ –  1% գնանկում

2018թ. հունվար-մայիսը՝ 2017թ. հունվար-մայիսի համեմատ, 2.8% գնաճ։

Վերադառնալով 12-ամսյա գնաճին՝ նշենք, որ սպառողական գների ինդեքսի հաշվարկման մեջ ամենամեծ տեսակարար կշիռն ունեցող սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գծով արձանագրվել է 0.5% գնանկում։ 0.1%-ով նվազել են նաև կապի ծառայությունների գները։

Մնացած ապրանքախմբերի գծով գներն աճել են։ Ամենից շատ՝ 8.4%-ով, գներն աճել են տրանսպորտի ենթախմբում։ Այս ենթախմբի մեջ ներառված է նաև տրանսպորտային միջոցների համար նախատեսված վառելիքը և 8.4%-ը պայմանավորված է հիմնականում բենզինի և դիզվառելիքի թանկացմամբ։

Հագուստի և կոշկեղենի գները 12-ամսյա կտրվածքով աճել են 7.5%-ով, առողջապահությանն առնչվող ապրանքների և ծառայությունների գները՝ 4.8%-ով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս