Բաժիններ՝

Քրիստոնյա լինել ոչ թե ձևի, այլ բովանդակության մեջ

Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դուք արեք նրանց. (Մատթ. 7.12.)

Կյանքն ու մեզ շրջապատող մարդկանց ճանաչելու համար քաղաքային տրանսպորտը լավագույն վայրերից է: Այստեղ ամեն օր կարելի է հանդիպել մարդկային մեծահոգության փայլուն դրսևորումների, ու, ցավոք, նաև տարբեր տգեղ արարքների:

Վերջերս ականատեսն ու մասնակիցը եղա մի դիպվածի, որն ինձ երկար մտածելու տեղիք տվեց: Մի կանգառ էր մնացել մինչև իջնելս, և ուղեվարձս արդեն իսկ նախապատրաստել էի՝ երկու հիսուն դրամանոց մետաղադրամներ: Իմ իջնելուց առաջ մի տատիկ իջավ երթուղայինից՝ առանց ուղեվարձը տալու: Սա վարորդին շատ զայրացրեց. նա բղավեց, ազդանշան տվեց տատիկի հետևից, քթի տակ մռթմռթաց, ապա շարունակեցինք ճանապարհը: Այդ ժամանակ, արդեն պատրաստածս ուղեվարձին հարյուր դրամ ավելացրի՝ տատիկի փոխարեն վարորդին տալու և նաև նրա բարկությունը մեղմելու համար:

Երբ իջնելիս գումարը փոխանցեցի վարորդին, նա տեսավ, որ ես ավել գումար եմ տալիս, բայց ոչինչ չասաց, լռեց: Ես էլ, բնական է, ոչինչ չասացի, որովհետև արածս, տվածս մեծ բան չէր ու շնորհակալության կամ մեծարման չէի սպասում: Ինձ այլ բան մտահոգեց. փաստորեն, վարորդը, որը պատրաստ էր չվճարված ուղեվարձի համար ծեր կնոջ հետևից բղավել, լռեց, երբ երիտասարդ աղջիկը, միգուցե շփոթվելով, ավել գումար է վճարել: Տխրեցի ու փորձեցի ինձ մխիթարել մտքով, որ, հավանաբար, վարորդը պարզապես ժամանակին չի հասցրել նկատել ավել մետաղադրամը, թեև դա այնքան էլ հավանական չէր: Իսկ ավելի ուշ միայն մեքենայի դիմապակուն ամրացված սրբապատկերներն էի հիշում…

Այս փոքր պատմության մեջ ամփոփված է մի իրողություն, որը տարբեր մասշտաբներով հանդիպում է ամենուր. մենք շատ վատ ենք զգում անարդարության բախվելիս, մենք նեղսրտում ենք, երբ մեզ վատ դրության մեջ են դնում այլ մարդիկ, երբ ոտնահարվում են մեր իրավունքները, մենք զայրանում ենք, երբ մեզ խաբում են, երբ մեզնից գողանում են, բայց, շատ հաճախ մենք ինքներս ենք լռում անարդարություն տեսնելիս կամ ինքներս ենք գործում այն՝ մոռանալով, որ դա ցավ է այլ մարդկանց համար: Մենք ինքներս ենք ոտնահարում այլ մարդկանց իրավունքները՝ հանուն մեր սեփական շահի, ինքներս ենք խաբում ու գողանում՝ փնտրելով զանազան արդարացումներ մեր այդ արարքների համար: Դրանցից ամենահաճախ հանդիպողը սա է՝ ինձ հետ էլ են այդպես վարվել, ինձ էլ են թալանել, ինձ էլ են խաբել, ինձ էլ են վատ դրության մեջ գցել, դրա համար եմ անում, այդպես ճիշտ է: Այս մտքերն ենք մեզ համար դարձնում վահան, որով պաշտպանում ենք մեր բոլոր արատավոր քայլերը:

Մինչդեռ Քրիստոս երկու հազար տարի առաջ մեզ բոլորովին, բոլորովին այլ դաս էր տվել՝ մարդկանց հետ վարվել այնպես, ինչպես կկամենանք, որ մեզ հետ վարվեն: Այսինքն չանել այն, ինչ եթե մեզ անեին՝ կնեղսրտեինք, կվնասվեինք, կկոտրվեինք…

Ես դպրոցահասակ երեխա էի, երբ առաջին անգամ լսեցի այս խորհուրդը, որը ոսկե օրենք են անվանում: Հենց այդ ժամանակ էլ հասկացա, որ սա ամենահեշտ իրագործելի պատգամներից չէ, որովհետև երբեմն մեր ներսի որոմը մեզնից ուժեղ է և իր բաժինն է դարձնում այն, ինչը պիտի լույսին ծառայեր, եղբայրասիրությանն ու արդարությանը ծառայեր: Հեշտ չէ, բայց իրագործելի է, եթե արթուն ենք: Փորձում ենք արթուն լինել և քրիստոնյա ենք ոչ թե ձևի, այլ բովանդակության մեջ: Իսկ սա ամեն օրվա աշխատանք է, ամեն օրվա իրագործելիք, և էական չէ՝ որտեղ ենք մենք՝ երթուղայինում, բակում, աշխատավայրում թե մեր սեփական տանը:

Ա. Պողոսյան

Qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս