Ոստիկանությունը բացահայտել է ավելի քան 1 մլրդ 31 մլն դրամի յուրացման դեպք
Ոստիկանությունը Երևանում 1 միլիարդ 31 միլիոն 330 հազար դրամի յուրացման դեպք է բացահայտել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանում գործող «Ավտո սիթի», «Տեխնոման», «ՄՍՀ ավտոզննում», «Տրանս սիստեմ», «Ֆորմատ-ավտոմոնտաժ», «Վիկտորիա Արման», «Մարկ լայֆ» «Ռոբերտ Տարոն», «Դավիթ և Էլինա», «Ուղեգիծ» սահմանափակ պատասխանատվության, «Ավտոռեմե ավտոտեխզննության կենտրոն» փակ բաժնետիրական և «Էլեկտրոմոնտաժ» բաց բաժնետիրական ընկերություններում ապօրինություններ են կատարվել:
Մասնավորապես, ընկերությունները օգտագործելով տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից տրված «Տրանսպորտային միջոցների զննության անցկացման գործունեության կազմակերպման» լիցենզիան, 2015 թվականի հունվարից մինչև 2018 թվականի հունիս, տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն անցկացնող քաղաքացիների կողմից պետական բյուջե կատարվող վճարման գումարներից ավտոմեքենաների տեխնիկական զննում կատարելու և կտրոն ստանալու համար նախատեսված, ըստ մակնիշների 5500-ից 10.500-ական դրամ գումարները հափշտակելու դիտավորությամբ, առանց քաղաքացիների մեքենաների փաստացի տեխնիկական զննում անցկացնելու, ապօրինի վարձատրվող «գործակալների» միջոցով կազմակերպել են նման ծառայություններ մատուցելու վերաբերյալ տեխնիկական զննության կայան ներկայացվող կտրոնների և արատորոշման քարտերի կազմման ու կնքման գործընթաց:
Դրանից հետո կազմակերպությունների տնօրենները նշված փաստաթղթերը որպես ծառայությունների մատուցման համար վճարման հիմք հանդիսացող փաստաթղթեր, ներկայացրել են ֆինանսների նախարարություն և խաբեությամբ, չկատարված աշխատանքների դիմաց պետական բյուջեից հափշտակել խոշոր չափերի հասնող շուրջ՝ 1.031.330.000 դրամ:
Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: