Ազատ Դեմոկրատներ կուսակցության առաջարկները՝ Ընտրական օրենսգրքում և ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ
Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո նոր կառավարության կարևորագույն և առաջնային քայլերից մեկը պետք է լինի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որը սակայն պետք է անցկացվի փոփոխված և բարելավված Ընտրական օրենսգրքով։
ՀՀ քաղաքացին իր կարևորագույն իրավունքի՝ ընտրության իրավունքի իրացման ճանապարհին չպետք է հանդիպի անօրինականությունների, չպիտի ենթարկվի վարչական և ֆինասական լծակների ճնշման։ ՀՀ քաղաքացու ազատ ընտրությունից է կախված ՀՀ-ի հետագա զարգացումը, ուստի աջակցելով նոր կառավարության նախաձեռնած ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների գործընթացին, հաշվի առնելով ընտրական մեխանիզմների հստակ գործունեության անհրաժեշտությունը, Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը ներկայացնում է առաջարկների փաթեթ, որոնք կնպաստեն ՀՀ-ում ընտրական գործընթացի ազատ, թափանցիկ և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու և քաղաքական ուժի համար վստահելի դարձնելու գործին։
Ազատ Դեմոկրատներ կուսակցությունն առաջնային է համարում գործող ընտրակարգի փոփոխությունը՝ անցում պարզ համամասնական ընտրակարգի, քանզի 2017թ․ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ակնհայտ դարձավ, որ ռեյտինգային կոչված համակարգը, ի թիվս այլ խնդիրների, ոչ միայն խոչընդոտել է ընտրությունների ազատ և արդար անցկացումը, այլ նաև նպաստել է, որպեսզի քաղաքական մրցակցային պայքարը տեղափոխվի վարչական լծակների և ֆինանսական ռեսուրսների դաշտ՝ խաթարելով ընտրությունների արդյունքների քաղաքական պատկերը։
Ազատ Դեմոկրատներ կուսակցությունն առաջարկում է․
- ՀՀ Ընտրական օրեսգրքի 77-րդ հոդվածը ձևակերպել հետևյալ բովանդակությամբ. «Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, Հանրապետության ողջ տարածքն ընդգրկող մեկ բազմամանդատ ընտրատարածքից` կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի ընդհանուր ցուցակով։
- ՀՀ Ընտրական օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասը ձևակերպել հետևյալ բովանդակությամբ. «Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն (կուսակցությունների դաշինք) առաջադրում է թեկնածուների համապետական ընտրական ցուցակ, որը կարող է բաղկացած լինել երկու մասից»:
- ՀՀ Ընտրական օրենսգրքի 83-րդ հոդվածի 8-րդ մասը ձևակերպել հետևյալ բովանդակությամբ. «Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) համապետական ընտրական ցուցակները հաստատվում եւ առաջադրվում են կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի որոշմամբ (դաշինքի անդամ կուսակցությունների մշտական գործող ղեկավար մարմինների որոշումներով): Համապետական ընտրական ցուցակների բոլոր էջերը կնքում եւ ստորագրում է կուսակցության (դաշինքի անդամ կուսակցությունների) իրավասու անձը»:
- Առաջարկում ենք վերացնել ԸՕ-ով սահմանված կոալիցիաներ կազմելու արգելապատնեշը։ Մասնավորապե՝ ԸՕ 97-րդ հոդվածը ձևակերպել հետեւյալ բովադակությամբ. «Սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված որոշումն ընդունվելուց հետո՝ վեց օրվա ընթացքում, ընտրական արգելապատնեշները հաղթահարած ցանկացած կուսակցություն, կուսակցությունների դաշինք կարող է քաղաքական կոալիցիա կազմել ընտրական արգելապատնեշները հաղթահարած այլ կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է մանդատների ընդհանուր թվի 54 տոկոսը ստանալու համար, եւ նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի վերաբերյալ»:
- ՀՀ Ընտրական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասում «կուսակցության դեպքում՝ 6, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում՝ 8 տոկոս» ձևակերպումը փոխարինել՝ «կուսակցության դեպքում՝ 5, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում՝ 7 տոկոս» ձևակերպմամբ:
- ՀՀ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ մասում հստակեցնել բարեգործության և անհատույց կամ արտոնյալ պայմաններով ընտրողներին ծառայություններ մատուցելու կամ ապրանքներ խոստանալու/տալու մասին դրույթը։ Մասնավորապես, առաջարկում ենք թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելել անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ ոչ միայն նախընտրական քարոզչության ժամանակ, քվեարկության նախորդ և քվեարկության օրը, այլ ԿԸՀ կողմից ընտրությունների պաշտոնական օրվա հայտարարման պահից սկսած։
Ինչպես նաև ավելացնել հետևյալ ձևակերպումը՝ «ՀՀ ԸՕ 19.6 հոդվածում բնութագրվող արաքների առկայության դեպքում կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը ԿԸՀ-ի կողմից չեղյալ է համարվում, ինչպես նաև տվյալ թեկնածուն հետագայում զրկվում է ՀՀ ԸՕ սահմանված կարգով հերթական(արտահերթ) ընտրություններում առաջադրվելու իրավունքից»:
- Հանել ՀՀ Ընտրական օրենսգրքի անցումային և եզրափակիչ դրույթներում ընդգրկված 144-րդ հոդվածի 14-րդ մասը, որում սահմանված է կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի համապետական ընտրական ցուցակում սեռերի համամասնությունը և կիրառել ՀՀ ԸՕ-ի 83-րդ հոդվածի 4-րդ մասը, որում սահմանվում է 70/30 տոկոս համամասնություն համապետական ընտրական ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների համար։
8․ Կրկնակի քվեարկությունը բացառելու համար անհրաժեշտ ենք համարում ներդնել ընտրողի մատը թանաքի միջոցով դրոշմելու մեխանիզմը։
9․ Համագործակցելով բոլոր պատկան մարմինների հետ հնարավորինս մաքրել ընտրական ցուցակները։
10․ Ընտրական հանձնաժողովների ձևավորման պատասխանատվությունը վերապահել պետությանը՝ հանձնաժողովի անդամները պետք է լինեն պետական ծառայողներ՝ ՀՀ Ոստիկանության աշխատակիցներ, ԱԻՆ և այլն: Այսպիսով, իշխանությունը հանձանժողովների մակարդակում ևս ստանձնում է ընտրական գործընթացների ազատ և արդար անցկացման, ինչպես նաև ապահովման քաղաքական պատասխանատվությունը:
Ընտրակաշառքի, վարչական ռեսուրսի օգտագործման, ինչպես նաև հնարավոր բարեգործությունը քվե ստանալու նպատակներին ծառայացնելու բացառման համար առաջարկում ենք նաև փոփոխություններ կատարել ՀՀ քրեական օրենսգրքում՝ նման հանցագործությունները դասելով ծանր հանցանքների շարքին և խստացնելով ընտրական պրոցեսը և ընտրությունների արդյունքները ստվերող ընտրակաշառքի դեպքերի համար նախատեսվող պատժի չափը:
Առաջարկում ենք․
1․ ՀՀ ՔՕ 154-րդ հոդվածում (քվեարկության գաղտինությունը խախտելը) սահմանված պատժի խստացում՝ մասնավորապես նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով տուգանքը վերացնել, և սահմանել ազատազրկում՝ նվազագույնը հինգ տարի ժամկետով:
2․ ՀՀ ՔՕ 154.8 հոդվածով՝ (այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ անփութությամբ սուտ հայտարարություն տալու) նախատեսված պատժի մեղմացում։ Մասնավորապես՝ վերացնել նախատեսված մինչև 2 տարի ժամկետով ազատազրկումը, և սահմանել միայն տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով:
Հիմնավորում – ՀՀ ՔՕ 154.8 հոդվածով սահմանված արարքների քրեականացումը խոչընդոտ է հանդիսանում իրավապահ մարմիններին քաղաքացիների կողմից վերոնշյալ հոդվածում նկարագրված հանացագործությունների մասին հնարավոր հաղորդումներ ներկայացնելուն։ Սա նաև կարող է որպես հոգեբանական ճնշում հանդիսանալ այն քաղաքացիների նկատմամբ, որոնք արձանագրել կամ տեղեկացել են հնարավոր խախտումների մասին։
3․ ՀՀ ՔՕ 154.9.1 հոդվածում (ընտրակաշառքի միջնորդություն) սահմանված պատժի խստացում՝ մասնավորապես վերացնել տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով պատիժը, և սահմանել ազատազրկում՝ երեքից հինգ տարի ժամկետով:
4․ ՀՀ ՔՕ 154.9.2 հոդվածում (ընտրակաշառքի միջնորդություն պաշտոնեական դիրքը կամ պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով) սահմանված պատժի խստացում՝ մասնավորապես երկուսից հինգ տարի ժամկետով ազատազրկումը փոխարինել հինգից յոթ տարի ժամկետով, և տվյալ հանցանքը կատարած անձին զրկել որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից առավելագույնը երեք տարի ժամկետով։
Ազատ Դեմոկրատներ Կուսակցության լրատվական ծառայություն
08․06․2018թ․
ք․ Երևան