
Հաստատվել է կառավարության աշխատակարգը

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ 2018 թ. մարտի 23-ի օրենքը, գործադիրն հաստատել է ՀՀ կառավարության աշխատակարգը, որով սահմանվել են կառավարության գործառույթների և լիազորությունների իրականացման ընթացակարգերը: Դրանց համաձայն մշակվում է կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների ծրագիրը: Նախատեսված է, որ նախարարները, կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները նախորդ տարվա միջոցառումների ծրագրի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվություն են ներկայացնում վարչապետի աշխատակազմ:
Կառավարության քննարկմանն են ներկայացվում Սահմանադրությամբ և օրենքներով նրա իրավասությանը վերապահված հարցեր: Նախատեսվել է, որ նորմատիվ իրավական ակտերի նախագծերը օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են հանրային քննարկման: Որոշմամբ սահմանված են փոխվարչապետին վերապահված լիազորությունների իրականացման ընթացակարգը, նախարարների կոմիտեների գործունեության կարգը և այլն: