ՃՈ աշխատակիցները ավելի քան 168 մլն դրամի տուգանքներն արձանագրել են գույք կամ եկամուտներ չունեցող ֆիզիկական անձանց անվամբ
ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի 2018թ. մարտի 19-ին հաստատված հաշվետվության և կից նյութերի ու փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016-2017թթ. ընթացքում ավտոմեքենաների սեփականատեր հանդիսացող անձինք, հանդիսանալով տեսանկարահանման և լուսանկարահանման միջոցով ամրագրված ՃԵԿ խախտումների սուբյեկտ, ապացույցներ են ներկայացրել գույք կամ եկամուտներ չունեցող 15 ֆիզիկական անձանց կողմից խախտումները կատարելու վերաբերյալ:
Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ արդյունքում ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության աշխատակիցները 14890 խախտումների համար նշանակված տուգանքների ընդհանուր 168 090 000 ՀՀ դրամ գումարն արձանագրել են գույք կամ եկամուտներ չունեցող այդ ֆիզիկական անձանց անվամբ: Իսկ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության աշխատակիցներն ավարտել են վարչական ակտերով գումարների բռնագանձման վերաբերյալ կատարողական վարույթները՝ պարտապանի կողմից գույք կամ եկամուտներ չունենալու հիմքով:
Փաստացի ավտոմեքենաների սեփականատեր հանդիսացող անձինք խաբեության եղանակով խուսափել են վճարել վարչական տուգանքներ՝ առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելով պետությանը, իսկ պետական ծառայություն իրականացնող պատասխանատու պաշտոնատար անձինք, շուրջ 2 տարի շարունակ 15 ֆիզիկական անձի անվամբ ձևակերպելով բազմաթիվ վարչական իրավախախտումներն ու կատարողական վարույթները, ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունք դրսևորելով, չեն կատարել կամ ոչ պատշաճ են կատարել իրենց պարտականությունները: Արդյունքում անզգուշությամբ էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետևանքներ:
Նկատի ունենալով, որ նշված գործողություններում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի որոշմամբ նշված փաստերով ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
Նշենք, որ սա նման բնույթի թվով հինգերորդ քրեական գործի հարուցումն է: Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ գլխավոր դատախազությունում մանրակրկիտ ուսումնասիրվում են ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի կողմից ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայությունում իրականացված՝ 2016-2017թթ. ընթացքում պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման և սեփականության կառավարման նկատմամբ վերահսկողության արդյունքները: Ուսումնասիրությամբ ի հայտ բերված՝ առերևութ հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումների փաստերով ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել էր 4 քրեական գործ, որոնց նախաքննությունը ՀՀ ՀՔԾ-ում շարունակվում է:
Արձանագրված մյուս խախտումները հիմնավորող լրացուցիչ փաստաթղթեր և նյութեր ներկայացնելու պահանջով ՀՀ ոստիկանություն և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն ուղարկված գրություններին ի պատասխան ստացված լրացուցիչ փաստաթղթերի և նյութերի ուսումնասիրության հիման վրա գնահատական կտրվեն արձանագրված մյուս խախտումներին, կկիրառվեն դատախազական ներգործության միջոցներ, մասնավորապես՝ պետական շահերի խախտման պատճառների և նպաստող պայմանների վերացման վերաբերյալ կներկայացվեն միջնորդագրեր: Կարող են հարուցվել նոր քրեական գործեր: