«Իրականում գյուղացուն կով կթել էլ է պետք սովորեցնել». Գյուղատնտեսության նախարար
2017 թվականը գյուղատնտեսության համար ոչ բարենպաստ տարի է եղել. այս բնագավառում Հայաստանն ունեցել է 3 տոկոս անկում։ Այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը Ազգային ժողովի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվող «Հայաստանի Հանրապետության 2017 թ. պետական բյուջեի կատարման մասին» նախնական քննարկումների ժամանակ։
Նախարարն ասաց, որ այս տարին ավելի բարենպաստ է գյուղատնտեսության զարգացման համար, քան նախորդն էր. «Այս տարի արդեն արտահանվել է 48 հազար տոննա գյուղբանջարեղեն՝ նախորդ տարվա 27 հազար տոննայի դիմաց։ Հույս ունենք, որ գյուղատնտեսության բնագավառում էական աճ կգրանցենք։ Հիմա արդեն կրկնակի աճ ունենք արտահանման առումով»։
Ա. Խաչատրյանը նկատեց, որ հայկական արտադրանքի մոտ 90 տոկոսը արտահանվում է ՌԴ։ Նախարարը խոսել է ՌԴ նորանշանակ գյուղնախարարի հետ, որ կարողանան սահուն կերպով արտահանումն իրականացնեն։ Նա նշեց, որ սննդամթերքի անվտանգության հետ կապված որոշակի խնդիրներ կան, որոնք հիմա փորձում են լուծել, որ դրանք խոչընդոտ չհանդիսանան արտահանման համար։
«Փոխանակ մենք սովորեցնենք գյուղացուն՝ ինչպես կթել կովերին, եկեք այդ գումարն ուղղենք կաթի գների սուբսիդավորման համար»,- առաջարկեց ՀՅԴ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
Նախարարն ասաց, որ այս հարցը վիճելի է. «Շատերը կարծում են՝ պետք չեն, բայց իրականում շատ պետք են այդ դասընթացները։ Այսօր մեր կաթի գների շուրջ խնդիրն առաջացել է նաև այն պատճառով, որ մեր արդյունավետությունը շատ ցածր է։ Եթե գյուղացին մեկ կովից միջինը 2900 լիտր կաթ է ստանում, եթե ինքը ստանա, ենթադրենք, 5-7 հազար լիտր կաթ, ապա ինքն այդ կաթի գների համար շատ գոհ կլինի։ Ես մի քիչ այլ մոտեցում ունեմ, որ իրականում կով կթել էլ է պետք սովորեցնել, ուղղակի պետք է նենց սովորեցնել, որ այդ սովորեցրածն օգտակար լինի»։