«Այն հաղթանակը, որ ժողովուրդն արձանագրեց Երևանում, նաև ձերն է». Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Թբիլիսիի հայ համայնքի հետ
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիի Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում հանդիպեց հայ համայնքի հետ։
Նա նախ շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար. «Այն հաղթանակը, որ ժողովուրդն արձանագրեց Երևանում, նաև ձերն է, ու դուք կրողն ու շահառուն եք այդ հաղթանակի, որովհետև դա տեղի է ունեցել ձեր հայրենիքում, ու ամբողջ ընթացքում մենք զգացել ենք ձեր աջակցությունը։ Այսօր այն համազգային ոգևորությունը, որը տիրում է հայ ժողովրդի շրջանում, դա կերտել է ձեզնից յուրաքանչյուրը։
Հեղափոխությունը, որ տեղի է ունեցել Երևանում, մենք անվանում ենք սիրո և համերաշխության հեղափոխություն, և ես այսօր այստեղ եմ եկել սիրո և համերաշխության ուղերձով։ Ուզում եմ ասել, որ սիրում եմ բոլորիդ և յուրաքանչյուրիդ առանձին։ Հպարտանում եմ ձեզնով, ձեր կամքով, ձեր աչքերի մեջ տեսնելով հայ լինելու հպարտությունը, հպարտանում եմ՝ տեսնելով Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները, հպարտանում եմ՝ համոզված լինելով, որ մեր երկրների հարաբերություններն ավելի են խորանալու և լավանալու, և հայերն իրենց ավելի լավ են զգալուՎրաստանում, վրացիներն իրենց ավելի լավ են զգալու Հայաստանում»։
Նա վստահեցրեց, որ չի լինելու հիասթափություն. «Չի կարող այլ կերպ լինել, որովհետև մենք ծառայել ենք, ծառայում ենք ու ծառայելու ենք հայ ժողովրդին։ Մեր ամենամեծ առաքելությունը հող դառնալն է մեր ժողովրդի ոտքերի տակ, որ նրանք ավելի ամուր կանգնեն մեզ վրա։ Հայ ժողովուրդն այլևս երբեք չի պարտվելու, որովհետև հայ ժողովուրդը հաղթանակի ժողովուրդ է, հայ ժողովուրդը հպարտության ժողովուրդ է, հայ ժողովուրդը Աստծո ժողովուրդ է։ Եվ ուրեմն, կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Վրաստանի Հանրապետությունը, կեցցե՛ հայ-վրացական եղբայրությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։