«Անդրադարձ կատարեցինք տարածաշրջանում գոյություն ունեցող մարտահրավերներին». Գիորգի Կվիրիկաշվիլի
Առանձնազրույցից և պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո վարչապետեր Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին Վրաստանի կառավարության մամուլի կենտրոնում հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ասել է. «Պարո՛ն վարչապետ, թանկագի՛ն, Նիկոլ, տիկնա՛յք և պարոնա՛յք, նախ և առաջ ուզում եմ ողջունել մեր հարգելի հյուրին, Հայաստանի վարչպետին, ով առաջին պաշտոնական այցով Վրաստանում է: Խորհրդանշական է, որ Հայաստանի վարչապետի առաջին պաշտոնական այցը Վրաստան իրականացվեց հենց այն ժամանակ, երբ մենք համատեղ նշում ենք մեր հանրապետությունների անկախության հռչակման հարյուրամյա հոբելյանը:
Երկու երկրների համար այս պատմական երևույթը տեղի է ունեցել հենց մեր քաղաքում՝ Թբիլիսիում: Օգտվելով առիթից՝ մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր երկու բարեկամ ժողովուրդներին անկախության հռչակման 100-ամյա հոբելյանի կապակցությամբ: 100 տարի առաջ վրաց և հայ ժողովուրդները, անկախ բազմաթիվ մարտահրավերներից և բարդություններից, ցուցաբերեցին առանձնահատուկ մարտունակություն և զարգացման ժողովրդավարական ուղու նկատմամբ իրենց նկրտումը:
Վրաստանին և Հայաստանին միմյանց են կապում բազմադարյա բարիդրացիական ավանդույթներ, ինչն արտացոլվել է այսօրվա գործընկերային համագործակցության մեջ: Խորհրդային միության փլուզումից հետո վերականգնելով անկախությունը՝ մենք կարողացանք զարգացնել փոխշահավետ համագործակցություն՝ հիմնված փոխադարձ վստահության վրա: Հայաստանի կայունությունը և ժողովրդավարական զարգացումն անչափ կարևոր է Վրաստանի համար, և հենց այդ պատճառով էլ Վրաստանում մեծ ուշադրությամբ էին հետևում բարեկամ Հայաստանում վերջին ժամանակներս տեղի ունեցած իրադարձություններին, երբ հայ ժողովուրդն ողջ աշխարհին ցույց տվեց միասնության և ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ իր հավատարմությունը: Օգտվում եմ առիթից և շնորհավորում իմ թանկագին հյուրին՝ այս պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Հարգելի վարչապետ, մեկ անգամ ևս հավաստում եմ Վրաստանի կառավարության և անձամբ իմ պատրաստակամությունն ապագա արդյունավետ համագործակցության հարցում: Այսօր մենք քննարկեցինք բոլոր հիմնական ուղղությունները, ընդգծեցինք մեր ձգտումները՝ ունենալու ինտենսիվ քաղաքական երկխոսություն: Շոշափեցինք նաև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր, ընդգծեցինք տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացման հարցեր: Չնայած արդեն առկա ինտենսիվ համագործակցությանը՝ առկա է գործակցության մեծ ներուժ բազմաթիվ ուղղություններով:
Հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք նաև միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կատարեցինք տարածաշրջանում գոյություն ունեցող մարտահրավերներին և ընդգծեցինք տարածաշրջանային խաղաղության և անվտանգության կարևորությունը: Շոշափել ենք նաև մեր երկու երկրների գերատեսչությունների միջև հարաբերությունների խորացումը, ինչպես նաև կարևորել տնտեսական համագործակցության հանձնաժողովի գործունեությանը, նոր աշխատանքային խմբերի ստեղծմանն ուղղված հարցեր:
Առաջիկայում կանցկացվի վերը նշված հանձնաժողովի նիստ, առանձնացրել ենք այն հիմնական ուղղությունները, որոնց նկատմամբ հանձնաժողովը պետք է կենտրոնացնի ուշադրությունը: Համաձայնության եկանք այն սկզբունքների շուրջ, որոնց հիման վրա կկառուցվի ապագա աշխատանքի օրակարգը: Այցի շրջանակում Հայաստանի վարչապետը կայցելի նաև հարավային Վրաստան, որտեղ հանդիպումներ կունենա տեղի բնակչության հետ: Վրաստանի հայ քաղաքացիներն ակտիվորեն ներգրավված են երկրի կառուցման գործում, ինչը բազմազգ Վրաստանի միասնականության հստակ փաստն է: Վրաստանի բնակչությունն, անկախ ազգային պատկանելությունից, ծառայում է ընդհանուր նպատակին՝ Վրաստանի հզորացմանը, տարածաշրջանային հարաբերությունների զարգացմանը: Վերջում ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերոջն այցելության, անկեղծ զրույցի համար և հայտնում իմ պատրաստակամությունն ապագա համագործակցության համար»: