
Երևանի քաղաքապետարանը ուսումնասիրություններ է իրականացնում թիվ 16 պոլիկլինիկայում

Երևանի քաղաքապետարանը ուսումնասիրություններ է իրականացնում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 16 պոլիկլինիկայում, որտեղ արդեն քանի օր է աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում:
Այս մասին ավագանու նիստի ժամանակ, «Ելք» խմբակցության անդամ Հերմինե Վարդանյանի ելույթին ի պատասխան ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Մեր համապատասխան վարչությունները շատ լավ տիրապետում են և տեղյակ են, թե այնտեղ ինչ է կատարվում, և մեր կողմից իմ տեղակալի գլխավորությամբ ուսումնասիրություններ են իրականացվում»,-ասաց Տարոն Մարգարյանը:
Երևանու ավագանու «Ելք» խմբակցության անդամ Հերմինե Վարդանյանն ավագանու հերթական նիստին իր ելույթում ընթերցեց Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 16 պոլիկլինիկայի աշխատակիցների կողմից գրված դիմումը՝ ուղղված քաղաքապետին:
«Մենք այսօր եղել ենք թիվ 16 պոլիկլինիկայում, որտեղ արդեն երկրորդ օրն է բուժանձնակազմը բողոքի ակցիա է իրականացնում: Պոլիկլինիկային ներկայացրել են նորանշանակ տնօրենին՝ հաշվի չառնելով աշխատակիցների կարծիքը: Խախտվել է նշանակման ընթացակարգը, և տնօրենի պաշտոնում չի նշանակվել երկու փոխտնօրենից և ոչ մեկը»,-ասաց Վարդանյանը:
Պոլիկլինիկայի աշխատակիցները բողոքում են, որ տնօրենի պաշտոնում նշանակված անձը չունի որևէ փորձ և չի անցել վերապատրաստում: «Պարոն քաղաքապետ, պոլիկլինիկայի աշխատակիցները պահանջում են ձեզանից օրենքով սահմանված կարգով գրավոր բացատրություն ընտրության կայացման վերաբերյալ»,-նշեց ավագանու «Ելք» խմբակցության անդամը: