ԱՄՆ-ը ՉԺՀ-ի քաղաքացիների համար կխստացնի այցագրային ռեժիմը՝ պաշտպանելու մտավոր իրավունքները
ԱՄՆ-ի իշխանություններն, սկսած հունիսի 11-ից, կսկսեն սահմանափակել ամերիկյան այցագրերի գործողության ժամկետը, որոնք տրվում են Չինաստանից դիմողներից ոմանց: Մայիսի 29-ին այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
«Հունիսի 11-ից մենք կսկսենք անվտանգության ուժեղացված միջոցներ կիրառել Չինաստանից դիմողներից ոմանց նկատմամբ: Թեեւ այցագրերի մեծ մասը, որոնք տրվել են չինացի քաղաքացիներին, ունեն գործողության առավելագույն ժամկետ, հյուպատոսության աշխատողներին կարգադրված է սահմանափակել այն՝ հաշվի առնելով հանգամանքները յուրաքանչյուր առանձին դեպքում»,- պարզաբանել է նա:
Արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ «այժմ տրված այցագրերի մի մասի գործողության ժամկետի կրճատումը դարձել է Ազգային անվտանգության ռազմավարության բաղկացուցիչ մասը»: Դա արվում է «այն բանը երաշխավորելու» համար, «որ մտավոր սեփականությունը չի ընկնի» Միացյալ Նահանգների մրցակիցների ձեռքը: