«Ֆրանսիան կշարունակի մնալ Հայաստանի կողքին՝ օգնելով կառուցել իր ժողովրդավարությունը». Ֆրանսիայի ԱԳ նախարար

«Մենք հին կապերով ենք կապված, դրանք զարգացել են, բայց մեր կարծիքով՝ դրանք անբավարար են քաղաքական երկխոսության համեմատ»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում ասաց Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը՝ անդրադառնալով հայ-ֆրանսիական հարաբերություններին:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի նախարարը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հրավերով:

Նախարար Ժան-Իվ Լը Դրիանը, խոսելով ՀՀ ներքաղաքական վերջին իրադարձությունների մասին, ասաց, որ Հայաստանի համար շրջադարձային փուլ է:

Նախարարն ասաց, որ ուրախ է, որ առաջին բարձրաստիճան քաղաքական գործիչն է, ով փոփոխություններից հետո այցելում է Հայաստան ու հանդիպում նոր ղեկավարների հետ:

Նա նշեց, որ իր Հայաստան այցի ժամկետը պատահական չէ ընտրված: «Ժամանել եմ Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության օրը: Մի բան, որ վկայում է, թե ինչպիսի լայն փոխհարաբերություններ ունի Ֆրանսիան Հայաստանի հետ»,- ասաց նախարարը: Նա վստահեցրեց, որ Ֆրանսիան կշարունակի մնալ Հայաստանի կողքին՝ օգնելով կառուցել իր ժողովրդավարությունը:

«Մենք հին կապերով ենք կապված, դրանք զարգացել են, բայց մեր կարծիքով՝ դրանք անբավարար են քաղաքական երկխոսության համեմատ»,- ասաց նա: Ֆրանսիացի պաշտոնյան նաև նշեց, որ ՀՀ արտգործնախարարի հետ քննարկել են Հայաստանի և ԵՄ-ի միջև փոխհարաբերությունները: «Պետք է ասեմ, որ Ֆրանսիան ակտիվ ներգրավված է այս գործում, ստորագրված համաձայնագիրը լիովին ներդրված է Հայաստանի մյուս միջազգային հանձնառությունների մեջ»,- նկատեց Ժան-Իվ Լը Դրիանը:

Ժան-Իվ Լը Դրիանը նաև վերահաստատեց շրջանառվող տեղեկությունը, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելելու է Հայաստան: Ըստ նրա՝ այցը տեղի կունենա աշնանը: Նրա որակմամբ՝ Մակրոնի այցը ՀՀ երկու երկրների համար կարևոր իրադարձություն է:

Տեսանյութեր

Լրահոս