Բաժիններ՝

ՀՀ ոստիկանությունը տեղեկացրել է, թե որ ճանապարհներն են փակ լինելու Առաջին հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների կապակցությամբ

ՀՀ ոստիկանությունը տեղեկացրել է, թե որ ճանապարհներն են փակ լինելու Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների կապակցությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, «Հայաստանի առաջին հանրապետության կազմավորման եւ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված «Հաղթանակների դար» հանդիսավոր միջոցառումների շրջանակում՝ քաղաքացիներին Սարդարապատի հուշահամալիր տեղափոխող ավտոբուսները շարժվելու են մայրաքաղաքի Բրազիլիայի հրապարակից՝ մայիսի 28-ին ժամը 8.30-ին։

Սարդարապատի հուշահամալիրի հարակից տարածքում ավտոկայանատեղերի սահմանափակ լինելու հանգամանքով պայմանավորված՝ հորդորում ենք միջոցառման վայր մեկնել գլխավորապես հասարակական տրանսպորտով, անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներից օգտվել խիստ անհրաժեշտության դեպքում։ Հանդիսավոր միջոցառումը Սարդարապատի հուշահամալիրում սկսվելու է ժամը 11.00-ին։

Օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումը Հանրապետության հրապարակում սկսվելու է ժամը 20.30-ին։ Քաղաքացիների տեղաշարժը կազմակերպելու եւ անվտանգությունն ապահովելու նկատառումով՝ ժամը 17.00-ից փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները՝ Ամիրյան փողոցը՝ Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկից, Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից, Վազգեն Սարգսյան փողոցը՝ Վազգեն Սարգսյան-Խորենացու փողոցների խաչմերուկից։ Հրավիրատոմսերով քաղաքացիների մուտքը Հանրապետության հրապարակ, կազմակերպչական նկատառումներից ելնելով, լինելու է միայն Վազգեն Սարգսյան փողոցից, մյուս քաղաքացիների մուտքը՝ Հանրապետության հրապարակ մտնող բոլոր փողոցներից։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ փորձնական նպատակով ժամանակ առ ժամանակ փակ է լինելու Հանրապետության հրապարակ մտնող Վազգեն Սարգսյան փողոցի՝ մինչեւ Խորենացու փողոցն ընկած հատվածը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս