Մարզպետները հրաժարականի դիմումներ են ներկայացրել

Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել։

168.am-ի հետ զրույցում փաստը հաստատեց նաև Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը, սակայն պատճառների մասին հորդորեց դիմել Կ. Գուլոյանին։

Կարապետ Գուլոյանի հիմնավորմամբ՝ ինքը նման որոշում է կայացրել մինչև մարզպետների պաշտոնանկության թեման բարձրաձայնվելը, քանի որ «ավելի կարևոր անելիքներ ունի»։

168.am-ի տեղեկություններով Կոտայքի մարզում ղեկավար կնշանակվի «Ելք» դաշինքի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հայտարարել էր, որ առաջիկայում Հայաստանի բոլոր մարզերը նոր ղեկավարներ կունենան: «Նոր մարզպետները կնշանակվեն։ Բոլորն անխտիր պետք է փոխվեն»,- ասել է նա` հավելելով, որ վարչապետը սահմանված լիազորությունների շրջանակում կառավարությանը կներկայացնի:

Հարցին, թե ինչո՞ւ մինչև հիմա հրաժարական չեն տվել ՀՀԿ-ական մարզպետները, Ս.Պապիկյանը պատասխանեց, որ նրանք պետք է համակերպվեն մի իրավիճակի հետ, որը դե յուրե ամրագրված է:

Նշենք նաև, որ դեռևս պարզ չէ՝ արդյոք ԲՀԿ-ն մարզպետների ցանկում տեղ կզբաղեցնի՞, թե՞ ոչ։ Կառավարության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջև այս թեմայով քննարկումները շարունակվում են։ Ենթադրվում է, որ առաջիկա օրերին դրանք կավարտվեն և կհայտարարվեն արդյունքները։

Գեղարքունիքի մարզպետարանից 168.am-ի հետ զրույցում հաստատեցին, որ մարզպետ Կարեն Բոթոյանը նույնպես հրաժարականի դիմում է գրել և «այսօր կամ վաղը կուղարկի»։ Կ. Բոթոյանի դեպքում պատճառը ներքաղաքական իրավիճակն է։ Հիշեցնենք, որ Կ.Բոթոյանը մարզպետի պաշտոնը զբաղեցրել էր 2017թ. մայիսից։ Գրեթե նույն ժամանակ էլ անդամակցել է ՀՀԿ-ին։

Հրաժարականի դիմումը կառավարություն արդեն ուղարկել է 2011թ. հուլիսից Լոռու մարզպետի պաշտոնը զբաղեցնող Արթուր Նալբանդյանը։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ դիմումը վաղուց է ուղարկել։

Դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ բոլոր մարզպետները հրաժարականի դիմումներ են գրել, Ա. Նալբանդյանը պատասխանեց. «Ես բոլորի մասին տեղեկություն չունեմ, բայց ես վաղուց գրել եմ և ուղարկել»։

Սակայն հիշեցնենք, որ Ա.Նալբանդյանը մայիսի 12-ին հերքել էր իր հրաժարականի մասին լուրերը։ «Ես դեռ ոչ մի հրաժարականի դիմում չեմ ներկայացրել, չգիտեմ, թե այդ տեղեկատվությունը որտեղից է շրջանառվում»,- ասել էր նա։

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը ևս մեզ հետ զրույցում հայտարարեց, որ հրաժարականի դիմումն այսօր է ներկայացրել։ Հարցին՝ ո՞րն է պատճառը՝ քաղաքական իրողություննե՞րը, թե այլ հանգամանքներ կան, նա պատասխանեց. «Պատճառ չեմ նշել։ Ոչ մի բան չկա, ուղղակի չեմ ուզում աշխատել։ Դիմումում գրել եմ՝ իմ դիմումի համաձայն խնդրում եմ ազատել աշխատանքից»։ Հովիկ Աբովյանը ՀՀ Տավուշի մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր 2014 թ. մայիսի 15-ից։ ՀՀԿ անդամ է։

Տեսանյութեր

Լրահոս