Բաժիններ՝

«Հայաստանյան ՏՏ ոլորտը մտնում է նոր համակարգի մեջ, որը փաստացի ֆինանսական կորուստներ կարող է ունենալ». Սամվել Մարտիրոսյան

Մայիսի 25-ից ԵՄ տարածքում և դրա սահմաններից դուրս գործարկվելու է  «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը, որն իրենից ներկայացնում է ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգ:

Թեմայի առնչությամբ առաջիկայում սպասվելիք փոփոխությունների մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց նաև Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ ասելով, որ սոցիալական ցանցերից օգտվող շարքային քաղաքացիների համար նոր փոփոխությունը էական նշանակություն չի ունենալու, սակայն նույնը չի կարելի ասել հայկական ՏՏ ոլորտի պարագայում, որտեղ, ըստ բանախոսի, կարող են գրանցվել որոշակի ֆինանսական կորուստներ:

«Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը ԵՄ բոլոր անհատների տվյալների պաշտպանության և գաղտնիության համար կանոնակարգ է ԵՄ օրենքում, որն ընդունվել է 2016թ.-ի ապրիլի 14-ին, 2 տարի գտնվել է անցումային փուլում և կգործարկվի արդեն 2018թ.-ի մայիսի 25-ին: Ընդունված է համարել, որ այն հանդիսանում է տվյալների պաշտպանության կարգավորման մեջ վերջին 20 տարվա ընթացքում ամենակարևոր փոփոխությունը:

Կանոնակարգի հիմնական նպատակն է՝ քաղաքացիներին և բնակիչներին իրենց անձնական տվյալների նկատմամբ վերահսկողության հնարավորություն տալ և պարզեցնել միջազգային գործարարության կարգավորիչ միջավայրը:

Արդյո՞ք օգտատերերի կրթվածության համապատասխան մակարդակը չի կարող էական դեր ունենալ առաջիկայում կիրառության մեջ մտնելիք կարգավորման պարագայում, Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշում է՝ պարզ է, որ  տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորման  նոր համակարգը սոցիալական ցանցերից օգտվող հասարակ քաղաքացիների կյանքում մեծ ու էական նշանակություն չի ունենալու, բացառությամբ մի հանգամանքի.

«Աշխարհում այս ամենի շուրջ աղմուկն այնքան մեծ է, և այնքան մեծ ֆինանսական հոսքեր են սկսում պտտվել այս ամենի շուրջ, որ այսպես թե այնպես նոր համակարգն առնվազն բովանդակային ազդեցություն է ունենալու անձնական տվյալների պաշտպանության ոլորտի վրա:

Բացի այդ, փաստացի առաջին անգամ կիրառության մեջ է մտնում որոշակի պատժիչ օրենք, որը տարածվելու է ոլորտը ընդգրկող գրեթե ողջ աշխարհի վրա: Հետևաբար՝ պետք է ֆիքսել, որ մենք վերջապես մտնում ենք մի իրականություն, երբ համացանցի արտասահմանային իրողությունը մուտք է գործում իրավական դաշտ, որի պարագայում շատ հետաքրքիր է լինելու հասկանալ, թե ինչպես է նույն Եվրոպան պատրաստվում շահագործել նոր համակարգը՝ պատժիչ մեթոդների և տուգանքների կիրառման պարագայում: Անկասկած, այս ամենը շատ հետաքրքիր փոփոխություններ ու զարգացումներ է բերելու դաշտ»:

Անդրադառնալով Հայաստանի վրա նոր համակարգի ներդրման ազդեցությանը՝ Սամվել Մարտիրոսյանը կարծում է՝ տեղական ՏՏ ոլորտը շատ լուրջ կերպով մտնում է նոր համակարգի մեջ, որը փաստացի ֆինանսական կորուստներ կարող է ունենալ:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս