Բաժիններ՝

ԵՄ տարածքում և դրա սահմաններից դուրս կգործարկվի տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորման նոր մեխանիզմը

Երկու օրից ԵՄ տարածքում և դրա սահմաններից դուրս պատրաստվում է գործարկվել տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորման նոր մեխանիզմը, որն իրենից ներկայացնում է ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգ: Սա ԵՄ բոլոր անհատների տվյալների պաշտպանության և գաղտնիության համար կանոնակարգ է ԵՄ օրենքում, որն ընդունվել է 2016թ.-ի ապրիլի 14-ին, 2 տարի գտնվել է անցումային փուլում և կգործարկվի արդեն 2018թ.-ի մայիսի 25-ին: Ընդունված է համարել, որ այն հանդիսանում է տվյալների պաշտպանության կարգավորման մեջ վերջին 20 տարվա ընթացքում ամենակարևոր փոփոխությունը:

Կանոնակարգի հիմնական նպատակն է քաղաքացիներին և բնակիչներին իրենց անձնական տվյալների նկատմամբ վերահսկողության հնարավորություն տալ և պարզեցնել միջազգային գործարարության կարգավորիչ միջավայրը:

Թե ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում այս առնչությամբ առաջիկայում, պարզ դարձավ այսօր «Մեդիա» կենտրոնում կազմակերպված քննարկման ընթացքում, որին մասնակցում էին բանախոսներ՝ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը, ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնակատար Գևորգ Հայրապետյանը և «Foodle» ընկերության տեխնիկական տնօրեն Ռուբեն Մուրադյանը:

Որո՞նք են այն պահանջներն ու մարտահրավերները, որ բերում է իր հետ այս համակարգը, և ի՞նչ ազդեցություն այն կարող է ունենալ հայաստանյան իրականության համար հարցերին պատասխանում է Գևորգ Հայրապետյանը, ըստ որի՝ սա անձնական տվյալների պաշտպանությունն արտացոլող և դրան միտված շատ ավելի լայն ու համապարփակ փաստաթուղթ է, որն իր հերթին՝ ունի մի քանի առանձնահատկություններ. «Այս համակարգն ամրագրում է մոռացված լինելու իրավունքը, որը ճանաչվել է 2014 թվականին Լյուքսեմբուրգում գտնվող Եվրամիության դատարանի կողմից:

Այն նաև շատ ավելի լավ պայմաններ և հստակ պահանջներ է սահմանում համաձայնությունը ստանալու վերաբերյալ և մեծ հաշվով բոլոր՝ կլինի սկզբունքների թե համաձայնության ոլորտներում, անձնական տվյալներ ստանալու գործընթացը դարձնում է օրենսդրորեն շատ ավելի վերահսկելի պրոցես: Իսկ Հայաստանի, ինչպես նաև բոլոր այն պետությունների համար, որոնք ներառված չեն ԵՄ երկրների շարքում, այն ունի մի կարևոր առանձնահատկություն՝ արտատարածքային կիրառության սկզբունքը, ինչը նշանակում է, որ պարտադիր չէ, որ այլ՝ ԵՄ երկիր չհանդիսացող պետությունների ռեզիդենտներն այս համակարգի կիրառման համար պարտադիր ունենան երկրորդային կազմակերպություն»:

Գևորգ Հայրապետյանը պարզաբանում է՝ եթե որևէ եվրոպացի զբոսաշրջիկ այցելի մեր երկիր և ցանկություն հայտնի որևէ կազմակերպությունից ծառայություն կամ ապրանք գնել, ապա այդ կազմակերպության վրա նոր համակարգն ինքնըստինքյան չի տարածվելու.

«Այստեղ չափանիշը մեր երկիր այցելած ԵՄ բնակիչներին հասանելի ծառայություններ մատուցելու մտադրությունն ու պատրաստակամությունն է: Համակարգն իր վրա կրում է նաև մի շարք պարտականություններ, օրինակ, եթե մշակվում է մեր օրենսդրության տարրին համապատասխան հատուկ կատեգորիայի կամ կենսաչափական զգայուն անձնական տվյալներ, ապա այն պետք է ունենա տվյալների պաշտպանության համար պատասխանատու հատուկ պաշտոնակատար անձ կամ պաշտոնյա, կամ եթե համակարգում առկա է որևէ նոր կարգավորում, ապա ծառայություններից օգտվել պատրաստվող կազմակերպությունը պարտավոր է լինել ԵՄ երկրներից որևէ մեկում և ունենալ հատուկ ներկայացուցիչ: Այստեղ պետք է հստակեցնել, որ գրանցված խախտումների դեպքում գործում է մտահոգիչ թիվ կազմող տուգանքների հստակ չափ՝ 20 մլն եվրո, կամ ընդհանուր շրջանառության 4 տոկոսը»:

Անդրադառնալով տեղական օրենսդրության համաձայն Հայաստանի քաղաքացիների առնչությամբ կանոնակարգի նմանությունների և տարբերությունների խնդրին, բանախոսը նկատում է՝ իրականում անձնական տվյալների պաշտպանության մասին Հայաստանի նոր օրենքը, որ ընդունվել է վերջերս՝ 2015 թվականին, մեծ հաշվով արտացոլում է այն բոլոր կարգավորումները, որոնք կան նոր ընդունվող կարգավորումներով:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս