Բաժիններ՝

Երկրպագուների սուլոցներից հետո Գրիզմանը որոշում է կայացրել

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը որոշել էր մնալ մադրիդյան ակումբում, սակայն վերջին պահին փոշմանել է: Ըստ իսպանական մամուլի՝ Գրիզմանը շատ է տատանվում որոշում կայացնելիս:

Իսպանական Լա լիգայի 38-րդ տուրից առաջ Գրիզմանը հայտնել է ակումբին մնալու որոշման մասին, սակայն հայտարարությամբ հանդես չի եկել, քանի որ այդ խաղը Ֆերնանդո Տորրեսի հրաժեշտի խաղն էր:

Արդեն խաղի ընթացքում ակումբի երկրպագուների մի մասը սուլել է Գրիզմանին, ինչի պատճառով ֆրանսիացին արտասվել է: Խաղի ավարտին մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն նշել է, որ սուլել են միայն 40-50 մարդ:

Ավելի վաղ մադրիդյան ակումբի ղեկավարությունը նշել էր, որ կատալոնական «Բարսելոնայի» քաղաքականությունը Գրիզմանի հարցով անարգանք է իրենց նկատմամբ:
«Մենք մինչև կոկորդներս կուշտ ենք «Բարսելոնայի» պահվածքից: Թիմի նախագահը, ֆուտբոլիստները և կազմի անդամները խոսում են մի ֆուտբոլիստի մասին, ով ունի գործող պայմանագիր և այն էլ՝ Եվրագավաթի եզրափակչի նախաշեմին: Սա բացարձակ անարգանք է մեր և մեր երկրպագուների նկատմամբ:

Մեր դիրքորոշումը հստակ է: Մենք երբեք բանակցություններ չենք վարել Գրիզմանի հարցով: Մի քանի ամիս առաջ ես անձամբ եմ հայտնել Բարտումեուին, որ Գրիզմանը չի վաճառվում: Բավական է, հուսով եմ, որ այս հայտարարությունը կհանգստացնի ամեն ինչ, և մենք կարող ենք հանգիստ պատրաստվել եզրափակչին»,- նշել է «Ատլետիկոյի» նախագահ Սերեսոն:

Ավելի վաղ Սերեսոն նշել է, որ տեղյակ չէ Գրիզմանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններից: «Որքան ինձ հայտնի է, Գրիզմանը մնում է մեզ մոտ:
Նրա ապագայի հետ կապված ոչ մի փոփոխություն չի եղել, քանի որ նա մեր ֆուտբոլիստն է և ունի պայմանագիր: Մենք գիտենք, որ Աշխարհի առաջնությունը շատ կարևոր է նրա համար, և մենք մինչև այդ կխոսենք նրա հետ»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս