
«Եթե չեք կարող այս հարցի պատասխանը ստանալ վկայից, հրաժարվե՛ք ձեր լիազորություններից». Լենա Նազարյանը՝ Արթուր Դավթյանին

Այսօր Ազգային ժողովում «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը «Հայաստանի Հանրապետության դատախազության 2017 թվականի գործունեության մասին» հաղորդման ներկայացման ժամանակ խոսեց 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերի մասին:
Նա հիշեցրեց, որ այդ թեմայով հրավիրված լսումների ժամանակ իրենք Դատախազության ներկայացուցչից իմացան, որ նախաքննությունն ինչպես 10 տարի առաջ, այնպես էլ հիմա դեռ փորձում է պարզել 10 մարդու սպանության անմիջական կատարողներին:
«Նախաքննությունը չի կարողանում պարզել, թե 4 ենթասպաներից, որոնց անունները հայտնի են, ում «Չերյոմուխա 7» զինատեսակի կրակոցից են սպանվել Գոռ Քլոյանը, Արմեն Ֆարմանյանը, Տիգրան Խաչատրյանը: Անցած 10 տարիները Մարտի 1-ի գործի իմաստով ապարդյուն և ձախողված տարիներ են քննչական մարմնի և Դատախազության պատմության մեջ»:
Նրա խոսքով՝ նախաքննությունն ընդհանրապես չի դիտարկում այդ կրակելու հրաման տվողների և սպանությունների կապը.
«Այսինքն՝ քննությունը չի փորձում պարզել, թե արդյոք սպանությունների պատճառ կարո՞ղ էին լինել այն ժամանակ քաղաքական և ռազմական պաշտոնյաների ապօրինի որոշումները, հրամանները: Իսկ կրակելու հրաման տվողներից առաջինը 2008 թվականին նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր, ում, ի դեպ, դուք, պարոն դատախազ, մերժում եք հարցաքննել՝ պարզելու համար, թե որտեղից Ռ. Քոչարյանին այն տեղեկությունը, թե ցուցարարները ավտոբուսի հետևից կրակել են ոստիկանների վրա:
Մինչդեռ կա դատաբժշկական փորձաքննություն, որ ոչ մի հրազենային վնասվածքով ոստիկան չի եղել, և այդ մասին հաստատեց Մարտի 1-ի գործով հանրային լսումների ժամանակ ԱԺ հատուկ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: Եթե չեք կարող այս հարցի պատասխանը ստանալ վկայից, պարոն Դավթյան, հրաժարվե՛ք ձեր լիազորություններից, որովհետև դուք վատնում եք այդ հնարավորությունները»: