«Առաջարկում եմ սկսել համաներման հարցի քննարկումը». Էդմոն Մարուքյան
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշեց, որ փոփոխությունները վերաբերում են պատժիչ պայմանական վաղակետ ազատմանը: Նա տեղեկացրեց, որ նախագծով առաջարկում են, որպեսզի պատժիչ պայմանական վաղակետ ազատման ժամկետը լրանալու դեպքում մասնագիտացված երկու կառույցները երկու իրարից անկախ զեկույցներ ներկայացնեն, ու այդ պրոցեսը փորձեն մեխանիկական դարձնել:
Նրա խոսքով՝ եթե զեկույցները դրական են, գործն ավտոմատ դատարան է փոխանցվում: Եթե դրանցից մեկը դրական է, մյուսը՝ բացասկան, դատապարտյալն է որոշում՝ գնա՞ գործը դատարան, թե՞ ոչ, եթե բացասական են զեկույցները, գործը չի փոխանցվում դատարան:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցի իրավունք խնդրեց: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ խոսքը տրվում է նոր իշխանություններին: «Շատ սուր էր ձեր կատակը, պարոն Շարմազանով»,- նկատեց Է. Մարուքյանը: Ի պատասխան՝ Է. Շարմազանովն ասաց. «Իմ ասածի մեջ ո՛չ կատակ է, ո՛չ էլ այլ բան, իշխանություն եք, ասում եմ՝ իշխանություն»:
Անդրադառնալով նախագծին՝ Է. Մարուքյանը փոխնախարարին ասաց, որ կան դատապարտյալների ցանկեր, որոնց հարցը չի քննարկվում. «Ժամանակին ասում էին՝ վերևից ասել են, որ ձեր հարցը չի քննարկվելու: Այս հարցով ի՞նչ ենք անելու»:
Ի պատասխան՝ Ս. Քրմոյանն էլ նախ ասաց, որ նախորդ տարվա փոփոխություններով՝ արդեն պայմանակետ վաղակետ ազատվածների թիվը կրկնապատկվել է: Նա նշեց, որ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում դա չի կիրառվում:
Իր ելույթում Է. Մարուքյանը նկատեց, որ քաղաքական իրավիճակ է փոխվել և պետք է մտածել համաներման մասին.
«Համաներման հարցը պետք է քննարկել, որովհետև քրակատարողական հիմնարկներն այսօր ծանրաբեռնված են, ու մեծ պահանջարկ կա: Մենք կարող ենք համաներման հարցը քննարկել, գերծանրաբեռնվածության հարցը լուծել: Առաջարկում եմ սկսել համաներման հարցի քննարկումը: Վաղ, թե ուշ՝ գալու ենք սրան»: