«Նախարարի աշխատասենյակը վերածվել է արևելագիտականի բուֆետի». «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Սփյուռքի նորանշանակ նախարար, 27-ամյա Մխիթար Հայրապետյանին, ով, ըստ լուրերի, քայլարշավի գաղափարի հեղինակն է, նախարարությունում մեծ ոգեւորությամբ դիմավորեցին, քանի որ Հրանուշ Հակոբյանի հետ աշխատելը հեշտ բան չէր։
Նա, ճիշտ է, ընդամենը մի քանի օր է աշխատել այս պաշտոնում, բայց նախարարությունում հասցրել են հիասթափվել։ Երեկ մենք նամակ ենք ստացել աշխատակազմից, որտեղ նորանշանակ նախարարին «վայ-խարար» են անվանել եւ գրել են․ «Նախարարի աշխատասենյակը վերածվել է արեւելագիտականի բուֆետի, որտեղ ժամերով հավաքվում են նրա ուսանողական ընկերները եւ ժամանակ անցկացնում, իսկ այդ ժամանակ նախարարության աշխատակիցները ժամերով սպասում են ձերդ գերազանցության ընդունարանում, թե երբ կբարեհաճի ընդունել իրենց։ Իսկ ընդունելու դեպքում էլ նրանք ստիպված են նախարարության խնդիրները ներկայացնել անծանոթ մարդկանց՝ իր անթրաշ ընկերների մոտ, որն օրենքի կոպիտ խախտում է, քանի որ կարող է պարունակել ընդհուպ մինչեւ պետական գաղտնիք:
Այս երիտասարդը չի հաստատում նախկինում մշակված ծրագրերը, իսկ իր խորհրդական-վարորդը դա բացատրում է նրանով, թե «նախկինում փող եք գողացել, նախարարը դրա դեմն է առնում»։
Եթե դա իրոք այդպես է, ինչո՞ւ չեն դիմում իրավապահներին: Իսկ ծրագրերը չհաստատելը շատ շուտով բերելու է նրան, որ սփյուռքյան կառույցները, որոնց հետ աշխատել ենք երկար տարիներ, այս խեղկատակների պատճառով հրաժարվելու են աշխատել մեզ հետ»:
Նամակն ավարտել են այսպես․ «Հարգելի «Հրապարակ», խնդրում ենք բարձրաձայնել այս խնդիրների մասին, այլապես մենք ստիպված կլինենք դիմել Մխիթար Հայրապետյանի սիրած մեթոդին՝ բաց ձեռքերով կպաշարենք նրա աշխատասենյակը եւ կպահանջենք, որպեսզի մեր բոլորի կողմից սիրված վարչապետը գա եւ տեղում լուծում տա այս խնդրին»»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: