«Նախարարությունը վերադասի հայտարարությունները չի մեկնաբանում». Շավարշ Քոչարյան
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը շարունակում է կատարել իր պարտականությունները և չի պատրաստվում հրաժարական տալ։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իրենց ոչինչ չի ասվել։
«Դե, դուք տեսում ենք՝ ինչ կա։ Մի բան ասվել է. երբ ներկայացվել է մեր նոր նախարարը, ասվել է նրա մասին, որ կառույցը կայացած է, աշխատում է վարչապետի կողմից, և պետք է զերծ մնալ քաղաքական ազդեցություններից»,- ասաց Շ.Քոչարյանը։
Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք Ղարաբաղը բանակցային կողմ դարձնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, Շ.Քոչարյանը պատասխանեց, որ նախարարությունը վերադասի հայտարարությունները չի մեկնաբանում. «Մենք մեկնաբանում ենք այլ պետությունների ներկայացուցիչների հայտարարությունները»:
Թե ինչպե՞ս է պատկերացնում նոր վերադասի հետ աշխատանքը, Շ.Քոչարյանը նշեց, որ արդեն աշխատում են. «Աշխատում ենք, չէ՞, ինչի՞ մասին է խոսքը: Նախարարությունը աշխատել է մինչ այդ, աշխատել է հեղափոխության ընթացքում ու աշխատում է հիմա: Այդ տեսակետից ԱԳՆ-ն այն կառույցներից մեկն է, որ անկախ իրարանցումներից, պետք է ժամացույցի պես աշխատի և աշխատել է»:
Նոր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մասին Շ.Քոչարյանը դրվատանքի խոսքեր ասաց. «Պարոն Մնացականյանը կադրային պրոֆեսիոնալ դիվանագետ է, շատ լուրջ ճանապարհ է անցել, եղել է նաև փոխնախարար, ընդհանուր առմամբ՝ կառույցը շատ բավարարված է այդպիսի նշանակումով»:
Հարցին, թե այժմ նախարարության աշխատաոճը շա՞տ կտարբերվի Էդվարդ Նալբանդյանի ղեկավարման շրջանի աշխատաոճից, Շ.Քոչարյանը պատասխանեց. «Կապրենք, կտեսնենք»: