«Պուտինն ինքն էլ հայ-ռուսական հարաբերությունների նշաձողը գծեց»
Հարցազրույց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ։
– Պարոն Սաֆարյան, Սոչիում Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը ծանոթության հանդիպո՞ւմ էր, թե՞ կարելի է ինչ-որ լուրջ արդյունք արձանագրել։
– Սա կարելի է անվանել ծանոթության հանդիպում, դեմ առ դեմ հավաստիացումներ տալու և ստանալու հանդիպում։ Նիկոլ Փաշինյանի մի նախադասություն շատ էական էր, որտեղ նա խոսում էր, որ կան խնդիրներ, որոնք ուզում են քննարկել, և կան խնդիրներ, որոնք քննարկման ենթակա չեն։
Քննարկման ոչ ենթակա խնդիրների շարքում մտցվեց Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները, որոնք ամրագրված են ՀԱՊԿ-ով, ցեմենտված են ԵԱՏՄ-ով, և այլն։ Այս կտրվածքով Նիկոլ Փաշինյանն անգամ Հայաստանի հասարակության անունից հավաստիացում տվեց, որ կա կոնսենսուս, որ այդ հարաբերություններն այլընտրանք չունեն։ Թերևս, նկատելի էր, որ Նիկոլ Փաշինյանը հերթական փորձն է անում փարատելու իր հանդեպ առկա այն կասկածները, թե իր իշխանության գալով՝ կտուժեն հայ-ռուսական հարաբերությունները, Հայաստանը դուրս կբերվի ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, և այս սցենարով էր, թերևս, Հանրապետական կոսւակցությունը և նրա մեծամասնությունը խորհրդարանում փորձում վաճառել Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին՝ որպես հակառուսական տարրեր, ինչը, իհարկե, չստացվեց։
Ուշագրավ էր, որ Պուտինն ինքն էլ նշաձողը գծեց, որ ըստ էության հուսով է, որ հայ-ռուսական հարաբերությունները, որոնց վերաբերյալ նա ինչ-որ վիճակագրական ցուցանիշներ բերեց՝ տնտեսական և այլն, հաստատապես չեն զիջի այն մակարդակին, ինչ եղել է նախկինում՝ այդպիսով ակնկալելով այդ հարաբերությունների է՛լ ավելի խորացում։
Հետևաբար, կարելի է ասել, որ որպես առաջին դեմ առ դեմ հանդիպում՝ սա, թերևս, նաև խաղի ընդհանուր կանոնները գծելու և հասկանալու մասին էր, որովհետև Նիկոլ Փաշինյանը պետք է անձամբ Պուտինին հավաստիացներ, որ իր վարած արտաքին և ներքին քաղաքականությունը Ռուսաստանի շահերին վնասներ չի բերի, և նաև ստանձնելու, այսպես ասած, պարտավորություն, որ այդ հարաբերություններն ավելի պակաս չեն լինի, քան եղել են մինչ այժմ։
– Հարաբերությունների հետագա զարգացումն ինչպե՞ս եք տեսնում, օրինակ՝ Ն.Փաշինյանն ասել է, որ ՀԱՊԿ-ում պետք է բարձրացնի ռազմական անվտանգության ոլորտում փոխադարձ դաշնակցային հարաբերությունների ճշգրտման և փոխադարձ պարտավորվածություններն արձանագրելու հարցերը։
– Նիկոլ Փաշինյանը, կարծում եմ, կարող է շատ հարցեր բարձրացնել, բայց, կրկնեմ, այն շրջանակը, որի մեջ նա ստիպված է կամ պարտադրված է գործել, թերևս, գծագրվել է ամսի 8-ին Պուտինի հետ հեռախոսազրույցում, որտեղ նշվել է, թե ինչ է ակնկալում Ռուսաստանը նրա վարչակազմից։
Դա հայ-ռուսական հարաբերությունների առաջընթացն է, դա ԵԱՏՄ-ում ինտեգրացիայի խորացումն է, դա ՀԱՊԿ-ում համագործակցության խորացումն է, հետևաբար՝ բոլոր այն խնդիրները, որոնք երբևէ չեն ճեղքի այս շրջանակը, բնականաբար, կարող է բարձրացնել։
Ես կարծում եմ՝ կան խնդիրներ, որոնք նա պետք է և պարտավոր է բարձրացնել՝ ի նկատի ունենալով իր լեգիտիմության մեծ պաշարը, ինչը նա պետք է օգտագործի իր իսկ ասած՝ ռուս-հայկական և դաշնակից այլ երկրների հետ իրավահավասար և փոխշահավետ հարաբերություններ կառուցելու համար։
– Այսինքն՝ կարո՞ղ ենք փաստել, որ լեգիտիմության այդ պաշարի շնորհիվ հայ-ռուսական հարաբերությունները նոր մակարդակի կբարձրանան։
– Ես կարծում եմ, որ կա այդպիսի հնարավորություն։ Ինչպե՞ս կօգտագործի դա Փաշինյանը, թերևս, մենք մեկ հանդիպումով չէ, որ պետք է դատենք։