Իմ փորձն ու գիտելիքներն ի նպաստ կբերեմ ոլորտի կատարելագործմանն ուղղված աշխատանքներին. Արտեմ Ասատրյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ շնորհակալություն հայտնելով այն անձանց, ովքեր վստահեցին իրեն պաշտոնը և սատարեցին բարեփոխումների իրականացմանը:

«Սիրելի հայրենակիցներ,

6 տարի առաջ ստանձնելով մեր երկրում աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտը համակարգող գերատեսչությունը ղեկավարելու առաքելությունը՝ ես փայլուն գիտակցում էի ոլորտի լրջագույն խնդիրներն ու մարդկանց ակնկալիքները: Գիտակցում էի, քանի որ մասնագիտական կարիերաս երիտասարդ տարիներից սկսել ու անցկացրել եմ այդ ոլորտում: Գիտակցում էի, որովհետև քաջատեղյակ էի, թե մեր համաքաղաքացիներն ինչպիսի դժվարություններ ունեն, և մեր պետությունը որքանով է սահմանափակված ռեսուրսների առումով:

Իմ պաշտոնավարման ընթացքում ես և իմ համախոհները նախաձեռնեցինք ու իրականացրեցինք բազում բարեփոխումներ, կայացրեցինք դժվարին որոշումներ, որոնք բոլորն էլ թիրախավորում էին մեկ գլխավոր նպատակ՝ առկա սուղ միջոցները հնարավորինս արդարացի ու հասցեական դարձնել սոցիալապես խոցելի շերտերի համար։

Վստահ եմ՝ դեռ առիթ կունենանք անդրադառնալու արդեն իսկ իրականացված և դեռ ընթացքում գտնվող բարեփոխումներին ու դրանց ընթացքին, ավելին՝ լիահույս եմ, որ տեսանելի ապագայում մենք կկարողանանք խոսել դրանց արդյունքների, այն է՝ պետության կողմից մատուցվող սոցիալական ծառայությունների հասցեականության ու արդյունավետության մասին:

Այսօր ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն անձանց, ովքեր վստահեցին ինձ այս պաշտոնը, և սատարեցին մեր համարձակ բարեփոխումների իրականացմանը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր համախոհներին, իմ գործընկերներին և կուսակիցներին, նախարարության աշխատակազմի ու տարածքային մարմինների, խնամք իրականացնող հաստատությունների աշխատակիցներին, քաղաքացիական հասարակության և միջազգային հանրության ներկայացուցիչներին, բոլոր նրանց, ովքեր գիտակցելով մեր գործի կարևորությունը՝ այս տարիների ընթացքում մեծ նվիրումով աշխատել ու, հույս ունեմ, դեռ կաշխատեն մեր նպատակներին հասնելու համար:

Ուզում եմ ներողություն խնդրել նաև մեր այն քաղաքացիներից, ում սպասելիքներն այս ընթացքում չկարողացա արդարացնել։

Նաև հաջողություններ եմ մաղթում նոր նախարարին ու նրա թիմին և լիահույս եմ, որ նրանք կկարողանան քայլ առաջ կատարել այս ոլորտում և ապահովել մեր համաքաղաքացիների սպասելիքները:

Վստահեցնում եմ, որ անկախ իմ հետագա զբաղվածությունից ու կարգավիճակից, ես իմ փորձն ու գիտելիքներն ի նպաստ կբերեմ ոլորտի կատարելագործմանն ուղղված աշխատանքներին»:

Տեսանյութեր

Լրահոս